HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիում քվեարկության են ներկայանում ընտանիքներով, ուղղորդում միմյանց, ստուգում քվեարկությունը

Մետաքսե Պետրոսյան

Գառնի գյուղում գտնվող 27/04 ընտրատեղամասում քվեարկության են ներկայանում ընտանիքներով։ Ընտանիքի անդամները քվեախցիկի ետեւում միմյանց ուղղորդում են, թե որ համարի տակ է իրենց նախընտրած թեկնածուն, կամ ստուգում, արդյոք, ճի՞շտ է քվեարկել մյուսը։ Առավել երիտասարդ տարիքի անձինք ուղեկցում են տատիկ-պապիկներին կամ ծնողներին, գրանցվում որպես օգնող, եւ նրանց փոխարեն կատարում ընտրություն։ Մեկ դեպքում էլ թոռնիկը գրանցվեց որպես օգնող տատիկին ու պապիկին, սակայն նրա փոխարեն քվեախցիկներին մոտեցան մայր եւ դուստր եւ քվեարկեցին մեկը՝ տատիկի, մյուսը՝ պապիկի փոխարեն։ Ընտրողին ուղղորդելու դեպքերը հանձնաժողովը չի գրանցում գրանցամատյանում։

Ընտրատեղամաս են մտնում այդ տեղամասում ընտրելու իրավունք չունեցող անձինք, պատճառաբանելով, որ ուղեկցում են ընտանիքի անդամին, այնուհետեւ փորձում մոտենալ քվեախցիկին եւ ուղղորդել։ Որոշ դեպքերում հանձնաժողովի նախագահը կանխում էր այդ դեպքերը, որոշ դեպքերում՝ ոչ։ Ընտրողներից ոմանք քվեարկելուց հետո քվեաթերթիկն առանց ծրարի մեջ դնելու մոտենում էին քվեատուփին: Քանիցս դրանք կանխեցին դիտորդները, երբեմն էլ, հանձնաժողովի անդամները նրանց հետ էին ուղարկում ծրարելու։

Ընտրություններն սկսվելուց մեկ եւ կես ժամվա ընթացքում երկու անգամ թիվ 27/04 ընտրատեղամաս այցելեց գործող համայնքապետ Աշոտ Վարդանյանը։ Նրա մուտքը չկանխվեց:

Ընտրատեղամասի առջեւ շատ են մեքենաների եւ մարդկանց կուտակումները, քանի որ ընտրողները տեղամաս են բերվում մարդատար մեքենաներով։

Տարածքային հանձնաժողովի նախագահ Նաիրի Մանուկյանն այցելելով ընտրատեղամաս վեճի բռնվեց անկախ դիտորդ Մաքսիմ Սարգսյանի հետ՝ վերջինիս մեղադրելով, որ մոտ է կանգնած քվեախցիկին եւ այդ կերպ խոչընդոտում է ընտրողի իրավունքը։ Վեճին միջամտեց վստահված անձ Լիլիթ Քլունգյանը, նշելով, որ ուշադրության ու դիտողության արժանի շատ ավելի կարեւոր հանգամանքներ կան, քան անկախ դիտորդին չփաստարկված մեղադրանք ներկայացնելը։ Ինչից հետո պրն Մանուկյանը մեղմելով ձայնի տոնը, ասաց որ նախորդ ընտրությունների փորձից ելնելով ինքը կանխարգելում է հնարավոր հետագա բողոքը։ Իրականում վերջինս առնվազն 1,5-2մ հեռավորությոն վրա էր քվեախցիկից։

Ընտրողների ընդհանուր թիվն այս տեղամասում 1439 հոգի է, ժամը 12։20-ի դրությամբ քվեարկել էր  345-ը: Մինչ այդ ժամը այս ընտրատեղամասում գրանցվել էր 26 վստահված անձ, որոնք փոխարինում են միմյանց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter