Էդմոն Մարուքյանը հանձնաժողովների անդամներին հորդորում է զերծ մնալ ընտրախախտումներից
Գայանե Սարգսյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհ է Վանաձորի իրավապահ մարմինների աշխատանքից: «Երբ մենք իրավապահ մարմիններին ասում ենք՝ ահազանգ կա ընտրակաշառքի, ասում են՝ բա մի հատ գնայիք նկարեիք, բռնեիք մի հատ էդ մարդուն: Ես ինքնիրավչությամբ չեմ կարող զբաղվել, ես օրենսդիր մարմնի անդամ եմ և կարող եմ օրենքի նախագծեր ներկայացնել և իմ օրենսդիր մեկ մանդատի իշխանությունը իրացնել, որի մեջ չի մտնում օպերատիվ ծառայություն իրականացնել, մարդիկ բռնել: Դրա համար կոնկրետ մարմիններ կան, հարկատուներից աշխատավարձ են ստանում և պետք է իրենց տեղում լինեն ու իրենց պարտականությունները կատարեն»,- ասում է Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավորը:
Վերջինս նշում է, որ իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռ վաղ առավոտից թե՛ քաղաքացիների, թե՛ վստահված անձանց կողմից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքի տարբեր թաղամասերում տեղակայված ընտրատեղամասերից: Խախտումների նման ծավալը պատգամավորը սպասված է համարում: Ասում է՝ դրանք կրկնվել են նաև վերջին երեք ընտրությունների ժամանակ: Ահազանգող քաղաքացիներին կուսակցությունից հորդորում են դիմել իրավապահ մարմիններին: «Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ այն տեղամասերից, որտեղից ամենաշատ ահազանգ ստացանք, անգամ կապ չունի՝ հաստատվո՞ւմ է ահազանգը, թե՝ ոչ, այդ տեղամասերում վերահաշվարկներ կլինեն, նաև համապատասխան այլ իրավական գործողություններ»,- նշում է Է. Մարուքյանը:
Նա հանձնաժողովների նախագահներին ու անդամներին հորդորում է զերծ մնալ ընտրախախտումներից: «Հանձնաժողովների նախագահներն ու անդամները պետք է մի բան հստակ իմանան, որ իշխանութուններն իրենց զոհաբերելու են, այսինքն՝ թույլ տված խախտումների համար նրանք հայտնվելու են տարբեր քրեակատարողական հիմնարկներում,- նշում է Է. Մարուքյանն ու վստահեցնում,-բացառվում է, որ մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ մարդիկ չդատվեն: Ես կոչ եմ անում հանգիստ, օրենքի տառին համապատասխան ընտրական գործընթացին հետևեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել