HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևածագի երկու թեկնածուների միջև թեժ պայքար է. թեկնածուները չեն հեռանում ընտրատեղամասի բակից

Էմմա Պետրոսյան

Լոռու մարզի Արևածագ համայնքում այսօր գյուղապետ և ավագանի են ընտրում: 32/01 ընտրատեղամասում, ժամը 18:35-ի դրությամբ, գրանցված 657 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 482 մարդ, որոնցից 37-ը՝ ուղեկցողի օգնությամբ: Այստեղ քվեախցիկին մոտենալուց առաջ ընտրողի մոտից վերցնում են բջջային հեռախոսը: Հեռախոսներն իր մոտ պահում է ընտրական հանձնաժողովի անդամ Սեդա Գրիգորյանը, նա բջջայինը հետ է վերադարձնում ընտրողին քվեախցիկից վերադառնալուց հետո:

Արևածագի 32/01 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Արմինե Երիցյանը այդ հանգամանքն այսպես բացատրեց. «Մի երեխու, առաջին անգամ ընտրող երեխու, նամակ եկավ հեռախոսին, քվեախցիկի մոտ էր, ուզում էր բացեր նամակը կարդար, հենց էդ պահին ես հեռախոսը վերցրեցի, տեսա նկար չկար: Նկարները բացեցի, միայն տորթի ծնունդի նկարներ էր: Այսինքն դա հերքվեց: Էդ երեխեն շատ վատ զգաց իրեն, վախում էր, դողում էր ամբողջ մարմնով: Էդ էլ ճիշտ չի, մենք նրան հոգեբանական սթրեսի էինք ենթարկում: Հանգստացրեցի, ասեցի՝ աղջիկ ջան գնա: Էս դեպքը չենք արձանագրել, որովհետև ի՞նչ հիմքով արձանագրենք: Հիմա որպեսզի ոչ ոք չկասկածի, որոշեցինք հեռախոսները նախապես վերցնենք»:

Արթուր Հովհաննիսյանի վստահված անձ Մարինե Հարությունյանը նշում է, որ խախտումներ չեն արձանագրվել:

«Խախտումներ չեմ տեսել, ուղղակի մի վրիպում եմ տեսել՝ կապված ընտրությունների հետ. մի անձ, որը ուզում էր լուսանկարել, այսինքն թերթիկը նկարել, մենք դա նկատեցինք, մոտից վերցրեցինք: Իհարկե, արձանագրություն գրել չտվեցի, որովհետև ինքը տեղյակ չէր, թե ինչ պատիժների կարող է ենթարկվել ինքը նման խախտման համար: Անտեսեցինք, բայց խոստացանք, որ երկրորդ դեպքում խոստացանք, որ նման բան չի լինի»,- ասաց Մարինե Հարությունյանը:

Նա նաև ավելացրեց, որ կուտակումներ է նկատում, ասում է՝ հանձնաժողովը կարող է այնպես անել, որ կուտակումներ չլինեն. «Ճիշտ է, ընտրատեղամասում թույլատրվում է մինչև 15 ընտրողի ներկայություն, բայց սա փոքր ընտրատեղամաս է, հանձնածողովի անդամները կարող են էնպես անել, որ 3 հոգով ներսում մնան, ոչ թե այսպիսի կուտակումներ լինեն»:  

Հանձնաժողովի նախագահը նշում է, որ մինչ այս պահը որևէ խախտում չի գրանցվել: Դրսում կուտակումներ են նկատվում: Կուտակված մարդկանց թվում են նաև գյուղապետի երկու թեկնածուները՝ գործող գյուղապետ Սամվել Սարգսյանը և նախկին գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը: Փորձեցինք երկու թեկնածուներից էլ պարզել, թե ինչու չեն հեռանում ընտրատեղամասի տարածքից:

Արթուր Հովհաննիսյանը Սամվել Սարգսյանը


Նախկին գյուղապետ, գյուղապետի թեկնածու Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հետաքրքրվում է իր հաջողություններով և ընտրողների մասնակցությամբ: Ասում է՝ կհեռանա, երբ իմանա հիմնական ընտրողները եկել են, թե ոչ: Իսկ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Սամվել Սարգսյանը նշեց, որ պարզապես եկել է կարգուկանոնին ծանոթանալու և շուտով պիտի վերադառնա իր գործերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter