
Երկուսը մեկում. «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածուն որոշել էր մեկտեղել թեկնածուի եւ լիազոր անձի իրավասությունները
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 12:30-ին գրավոր ահազանգ է ստացել «Քաղաքացիական իրազեկում» ՀԿ-ից, որ Գյումրու թիվ 28 դպրոցում տեղակայված 34/79 ընտրատեղամսում «Հայկական Վերածնունդ» կուսակցության (նախկին ՕԵԿ) ավագանու անդամի թեկնածուն հանդես է եկել նաեւ կուսակցության լիազոր անձի անունից: Թեկնածուն ընտրատեղամսում է գտնվել ժամը 10:40-ից: Ահազանգը ստանալուց հետո թիվ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը անձամբ է եղել ընտրատեղամասում եւ տեղում կարգավորել է խնդիրը:
«Թյուրիմացություն էր եղել պարզապես: Հարցն այն է, որ օրենքը չի արգելում թեկնածուին միաժամանակ լինել կուսակցության լիազոր ներկայացուցիչ,- պարզաբանեց Էդվարդ Բաղրամյանը,-մի կողմից որպես լիազոր անձ նա օրենքը չի խախտում ընտրատեղամսում գտնվելով, բայց քանի որ նաեւ թեկնածու է, ապա այս դեպքում կիրառվում է օրենքի թեկնածուին վերաբերող դրույթը: Մենք բացատրեցինք, թեկնածուն հասկացավ եւ դրանից հետո նա այլեւս ընտրատեղամաս չի այցելել»:
Հաջորդ ահազանգը վերաբերել է 34/21 ընտրատեղամասին, որտեղ վստահված անձը միջամտել, մոտեցել, ուսումնասիրրել է քվեարկած ընտրողների ցուցակները: Էդվարդ Բաղրամյանի փոխանցմամբ` օրենքի խախտում չի եղել, քանի որ իրենք տեղում լինելով պարզել են, որ վստահված անձը ոչ թե քաղվածք է կատարել, այլ նշումներ: «Օրենքը վստահված անձի մասով չի թույլատրում քաղվածք կատարել,-նկատեց Էդվարդ Բաղրամյանը,- քաղվածքն այլ հասկացություն է, երբ նշվում է ընտրողի բոլոր տվյալները ընտրության մասնակցության պահին: Ճշտեցինք, որ ընդամենը նշումներ է կատարել, որ յուրաքանչյուրն էլ կարող է՝ իր իրավունքից օգտվելով»:
«Հետք»-ին հետաքրքրում էր, թե ժամը 17-ի դրությամբ որեւէ ընտրատեղամասից արդյոք չի՞ ստացվել լրացուցիչ քվեատուփի պահանջ: Պարզվեց, որ երեք ընտրատեղամասում տրամադրված քվետուփերն արդեն լցվել են, եւ հանձնաժողովների նախագահները երկրորդ քվետատուփի հայտ են ներկայացրել:
«Նախորդ բոլոր ընտրություններում փոքր տուփերը նախատեսված են եղել համայնքի ղեկավարի ընտրության համար, մեծը՝ ավագանիների: Մենք այդքան շատ մեծ արկղեր չունեինք: Գիտեք` 82 ընտրատեղամաս է, եւ ընդամենը 20 մեծ արկղ ունեինք: Հաշվի առնելով, որ չէր կարող բոլոր ընտրատեղամասերում գրանցվել մեծ ակտիվություն, դրա համար բոլորին տրամադրեցինք նույն չափի արկղեր: Փաստորեն երկրորդ արկղի պահանջ դրվել է այն ընտրատեղամասերից, որտեղ քվեարկողների բարձր ակտիվություն է նկատվել, եւ մենք անմիջապես տրամադրել ենք»:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի` «Հետք»-ին փոխանցած տվյալների համաձայն` ժամը 17:30-ի դրությամբ Գյումրիում ընտրությանը մասնակցել է 34 հազար 776 ընտրող կամ ընտրողների 29,85 տոկոսը:
Մեկնաբանել