
Գառնիի 27/3 տեղամասում ընտրախախտումները չէին արձանագրվում
Մետաքսե Պետրոսյան
Գառնիի 27/3 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումների բնույթը նույնն էր, ինչ գյուղի մյուս երեք ընտրատեղամասերում· ընտանիքի անդամները միասին էին գալիս ընտրատեղամաս, նրանցից մեկը գրանցվում էր եւ քվեախցիկի մոտ քվեարկում ընտանիքի մյուս անդամի փոխարեն:
Այս ընտրատեղամասում քվեարկության սկզբից մինչեւ ժամը 18:22 րոպեն արձանագրվել էր այլ անձի օգնությամբ քվեարկելու 33 դեպք, իսկ որպես օգնող հանդես եկած քաղաքացիներից միայն 3-ն էին պատահական մարդիկ: Այդ հանգամանքը չէին բողոքարկում ո՛չ վստահված անձինք, ո՛չ էլ հանձնաժողովի անդամները: Այստեղ մեկ անգամ քվեարկության համար օգնած անձը փորձեց երկրորդ անգամ օգնել, բայց հանձնաժողովի նախագահ Անահիտ Մուրադյանը կանխեց:
Երեք ծեր, շարժվելու ոչ ունակ անձինք բերվել էին ընտրատեղամասի դարպասների մոտ, բայց նրանց ներս բերել հնարավոր չէր եղել, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը թույլ չէր տվել ընտրատեղամասից 20 մ հեռավորությունից այն կողմ քվեարկություն իրականացնել:
Ահարոն Սահակյանի վստահված անձ Կարեն Մարտիրոսյանը քանիցս ընտրողներին ուղղորդելու փորձեր էր անում, նույնիսկ իր օգնությունն առաջարկեց տարեց կնոջը քվեարկելու համար:
![]() |
![]() |
Մեկ այլ ընտրողի պարտադրանքով հանձնաժողովը նոր քվեաթերթիկ տրամադրեց մի ընտրողի, որը սխալ քվեարկություն էր իրականացրել:
Հանձնաժողովի անդամ Վաղինակ Թադեւոսյանը, արձանագրություն կազմելու փոխարեն, սպիտակեցնող գրիչով ջնջում էր հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից դեռեւս ընտրությանը չմասնակցած ընտրողի անվան դիմաց կատարված գրառումը:
Գառնիի գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Աշոտ Վարդանյանն այսօր շրջում էր բոլոր ընտրատեղամասերում եւ քվեարկության ընթացքի վերաբերյալ իր տպավորություններն ու զգացողություններն արտահայտում էր նաեւ սեռական բնույթի հայհոյանքներով:
Այս ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1595-ն է, ժամը19:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր 981 ընտրող:
Մեկնաբանել