HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արենի համայնքի թիվ 39/1 ընտրատեղամասի դասավորությունը կարող է լուրջ խոչընդոտ լինել հաջորդ ընտրությունների կազմակերպման ժամանակ

Մարիամ Չախոյան, Մարինե Ստեփանյան

«Հետք»-ի լրագրողները Վայոց ձորի մարզի Արենի համայնքի թիվ 39/1 տեղամասում կատարել են մի շարք դիտարկումներ, որոնք հաշվի առնելու դեպքում հնարավոր կլինի Արենիում հաջորդ ընտրությունները դարձնել ավելի թափանցիկ և վերահսկելի:

Արենի համայնքի թիվ 39/1 ընտրական տեղամասի դասավորությունը մի շարք խոչընդոտներ էր առաջացնում ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացման, ինչպես նաև դրանց դիտարկման համար:

Ընտրություններն Արենիում սովորաբար անց են կացվում գյուղի մշակույթի տանը: Ընտրացուցակներն ու քվեաթերթիկները բաժանող, ինպես նաև նախագահի ու քարտուղարի համար նախատեսված սեղանները դրված են ընդարձակ սրահի մուտքի մոտ, իսկ ընտրատուփերն ու ծրարները կնքող հանձնաժողովի անդամի սեղանը՝ դրա հակառակ կողմում՝ բեմի վրա: Միևնույն ժամանակ, ընտրացուցակներից մեկի համար պատասխանատու ու քվեաթերթիկներ տրամադրող անդամի սեղանը դրված է մուտքի դռանը շատ մոտ, ինչը վտանգ է ստեղծում քվեաթերթիկներն աննկատ դուրս տանելու համար՝ այսպես կոչված «կարուսելով» ընտրակեղծիքը կազմակերպելու նպատակով: Սա հատկապես հնարավոր է այն ժամանակ, երբ սենյակում և մուտքի դռան առջև ընտրողների հերթեր են գոյանում:

Ընդարձակ դահլիճը, քվեատուփի՝ սրահի մյուս ծայրին, բեմահարթակի վրա գտնվելու հանգամանքը, դահլիճի ողջ տարածքով հատակին ամրացված աթոռները, բեմահարթակին կախված մի քանի շերտ վարագույրները, բեմը դահլիճից մասամբ բաժանող պատնեշը, որի ետևում հնարավոր է թաքնված գործողություններ կատարել,  մեկ անձի կողմից դիտարկումը դարձնում են դժվարին: Նույնիսկ ավելորդ ենք համարում առանձին խոսել նման սենյակում լցոնումներ կազմակերպելու հնարավորության մասին:  

Բացի այդ, մի քանի աստիճաններով բարձր բեմահարթակին տեղադրված քվեատուփը դժվար հասանելի էր տարեց ընտրողների համար: 

Մյուս կողմից, համերգային դահլիճի այսպիսի դասավորության պատճառով, որի դեպքում հանդիսատեսի համար նախատեսված աթոռներն ամրացված են հատակին, քվեները հաշվելու ժամանակ հանձնաժողովի նախագահը ստիպված էր վստահված անձանց խնդրել տեղավորվել այդ աթոռների վրա՝ թարս նստելով հենակներին: Եվ երբ նա իր տեղից վստահված անձանց էր ցուցադրում քվեաթերթիկները, քվեարկության նշանը տեսանելի չէր վերջիններիս համար: Ճիշտ է, համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողները լուրջ խախտումներ չարձանագրեցին, սակայն առջևում հանրապետական ընտրություններ են, որոնց ժամանակ հատկապես այս դիտարկումները կարևոր է հաշվի առնել:

Ուղեկցությամբ քվեարկությունների թիվն Արենիում մոտ 40 էր: Լրագրողները նկատել էին առնվազն մեկ դեպք, երբ քվեարկության էր եկել մտավոր խնդիրներ ունեցող, գրեթե կույր անձ, որը չէր կարողանում բացատրել, թե ինչ նպատակով է եկել: Մեկ այլ դեպքում երկու տարբեր մարդիկ ուղեկցում էին իրենց ոչ ազգակից տարեց ամուսինների: Կինը «Հետք»-ի լրագրողի հետ զրույցում բացատրեց, որ չի ուզում նեղացնել երիտասարդներին՝ թող ընտրվեն: Լուսանկարներից երևում է, որ տարեցները քվեաթերթիկներին նույնիսկ չեն դիպչում:

Վստահված անձինք մոտենում էին ու զրույցի բռնվում ընտրողների հետ. որոշ դեպքերում ուղղորդումն ակնհայտ էր:  Հանձնաժողովի անդամները պետք է այնպես կազմակերպեն սենյակի դասավորությունն ու ընտրությունների ընթացքը, որպեսզի նման գործելաոճը բացառվի:

Մի քանի անգամ քաղաքացիները փորձ են կատարել մաժամանակ միասին քվեարկել. ամուսիններին, ընտանիքի անդամներին դժվար էր բացատրել, որ չի կարելի քվեախցիկում գտնվել միասին, եթե անձանցից մեկն օգնության կարիք չունի և եթե գրանցամատյանում համապատասխան նշում չի արվել: 

Բացի այդ, ընտրատեղամաս ժամանելուն պես դիտորդները հայտնաբերեցին, որ հանձնաժողովը բաղկացած է բացառապես տղամարդկանցից, և թեև ընտրության ժամանակ կային 2-3 կին վստահված անձինք, երեկոյան հաշվարկի համար նույնպես մնացել էին միայն տղամարդիկ:

Մեկ այլ էական հանգամանք ևս. հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, դիտորդներն ու լրագրողները մի ամբողջ օր պետք է անցկացնեին միևնույն վայրում, սակայն ընտրատեղամասում սանհանգույց գոյություն չուներ:  Մոտակայքում գտնվող հասարակական սանհանգույցը անմխիթար սանիտարական վիճակում էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter