HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստանը» «Բարգավաճ Հայաստանին» և «Հայկական Վերածննդին» առաջարկում է միավորվել

Գայանե Սարգսյան

 Նախնական տվյալներով Վանաձորում ստացած քվեների արդյունքում ավագանու կազմում ՀՀԿ-ն ստացել է 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5,  «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, եթե նայենք որպես կոալիցիոն գործընկերներ, միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետ: «Լուսավոր Հայաստանը», «Հայկական Վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը» միասին ունեն 18 մանդատ»,- այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնելով, որ քարոզարշավի ժամանակ թե՛ «Հայկական վերածննդի», թե՛ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների կողմից հայտարարվել է ՀՀԿ-ին չմիանալու մասին, Է. Մարուքյանը նշեց. «Ես տեսնում եմ ռեալ հնարավորություն, որ մենք այս երեք ուժերով միասին ձևավորենք կոալիցիոն բազմակուսակցական իշխանություն և սկսենք իրականացնել Վանաձորի համաչափ զարգացման ռազմավարական ծրագիրը: Բնականաբար, ուժերի ծրագրերը կարող են միատեղվել, և մենք կարող ենք փուլ առ փուլ քաղաքը հանել այս վիճակից»:

Վերջինս հանդես եկավ պաշտոնական առաջարկով. ««Լուսավոր Հայաստանը» պաշտոնապես առաջարկում է միասին ձևավորել տեղական իշխանություն, Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմին»:

Հարցին՝ ի՞նչ զիջումների է պատրաստ «Լուսավոր Հայաստանը» այդ համագործակցության ընթացքում, Է. Մարուքյանը պատասխանեց.

«Ինչ-որ զիջելու բան մենք չենք տեսնում, ասում ենք՝ հանուն Վանաձորի եկեք ձևավորենք այդ տեղական իշխանությունը: Ցանկացած առաջարկ պատրաստ ենք քննարկել, և դա կլինի բաց ու թափանցիկ»:

Ճշգրտող հարցին՝ թե առաջարկն ընդունելու դեպքում ո՞վ կլինի քաղաքապետի թեկնածուն, կուսակցության ղեկավարի պատասխանը հստակ էր:

«Ես կարծում եմ, որ 10 մանդատ ունեցող քաղաքական ուժը եթե առաջարկում է, պարզ է, որ մենք առաջարկում ենք որ այդ ուժերը միանան մեզ»,- նշեց նա:

Այն, որ «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածունդը» կընդունեն առաջարկը, Մարուքյանը հավանական է  համարում.

«Կարելի է  ասել` 90 տոկոսով վստահ եմ, որ մեր գործընկերները կմիանան մեր առաջարկին, և մենք միասնական տեղական իշխանություն կձևավորենք, ինչը կարող է հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար»:

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Է. Մարուքյանն ասել էր, որ մի շարք տեղամասերի մասով վերահաշվարկի դիմումներ կներկայացվեն: Այսօր, սակայն, կուսակցության ղեկավարը նպատակահարմար չի գտնում դա անել:

«Մենք քննարկել ենք, որ վերահաշվարկի դիմումների արդյունքում ընդանուր արդյունքների վրա ազդեցություն մենք չենք կարող ունենալ, որովհետև խախտումները հիմնականում տեղի են ունեցել տեղամասից դուրս»,- նշում է նա` ներկա պայմաներում առավել կարևոր համարելով  «Բարգավաճ Հայաստանի» ու «Հայկական վերածննդի»  հետ համագործակցության տարբերակների քննարկումը:

Առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանում» կսպասեն այս երկու ուժերի արձագանքին: Առաջարկը չընդունվելու դեպքում կուսակցությունը կառաջնորդվի «Պլան Բ-ով».

«Եթե մեր առաջարկը չընդունվի, «Լուսավոր Հայաստանը» կունենա 10 մանդատանոց ընդդիմադիր խմբակցություն Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմնում, որոնք իրենց առջև դրված խնդիրները ամենօրյա ռեժիմով կլուծեն, վանաձորցիների շահերը կպաշտպանեն և ամեն բան կանեն, որ մինչև մյուս ընտրությունները 28 տոկոս ձայնը դարձնեն 40 տոկոս կամ ավելին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter