HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ո՞ւմ է պետք պետությունը. սիրիահայերը` առանց թիկունքի

Երեք օր առաջ Հալեպում զոհվեցին քույր ու եղբայր Միրեյ և Արման Հինդոյանները, «Արևելքը» հաղորդում է, որ նրանց մայրը՝ Բեթին, նույնպես վիրավոր է, գտնվում է հիվանդանոցում: Հալեպում արդեն 10 հայ է զոհվել, որոնցից 2-ն են զինվոր, 30-ը վիրավոր են և հինգ անհայտ կորած զինվոր կա:

Իսկ երեկ` այն ժամանակ, երբ Հալեպում հայրենակիցները փլատակներում փնտրում էին իրենց հարազատներին, հանրապետության նախագահը շարունակում է դուր գալ օտարներին. այս անգամ նա դուր եկավ Մոսկվային` վերանշանակելով արտգործնախարար մեկին, ում միակ յուրահատկությունը մի ամիս առաջ Պուտինից շքանշան ստանալն է և անհայտանալը այն ժամանակ, երբ հայերի վրա ռումբեր են թափվում: Ինչպե՜ս կարող է մերժել Մոսկվայի բարեխոսությունը Սերժ Սարգսյանը, նա մերժել չունի, ուզում է դուր գալ բոլոր պետություններին, որոնք իրենից բան են ուզում՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, բայց երբեք չի փորձում դուր գալ հայրենակիցներին, նրանց ուզածը անել:

Աչքներիս առաջ Հալեպում զոհվում են մարդիկ, ովքեր հազար կմ այն կողմ մի պետություն ունեն, որը ռազմական շքերթ է անցկացնում, բայց փրկության ձեռք չի մեկնում ռումբերի տակ մնացած հայրենակիցներին: Հակառակը, ձեռք մեկնողների ձեռքը բռնում է, ինչպես երկու տարի առաջ, երբ Հայաստանից կամավորներ էին ուզում մեկնել Սիրիա` հայրենակիցներին պաշտպանելու, կառավարությունը նրանց թույլ չտվեց երկրից դուրս գալ:

Ինչպես նկատել է Լաուրա Բաղդասարյանը` պետությունը հալեպահայության հարցը փակում է մի հերթապահ հայտարարությամբ.

«Հայաստանի ԱԳՆ-ն երեք օր առաջ արեց այնպիսի մի հայտարարություն Հալեպում ռմբակոծությունների հետեւանքով, այդ թվում հայկական թաղամասերի, բնակիչների զոհվելու կապակցությամբ, կարծես ոչ մի առնչություն չկա այդ իրադարձությունների հետ: Մտահոգություն են հայտնում, կոչ են անում, որ սիրիական բանակցություններում ներգրավված երկրներն ավելի գործուն միջոցներ ձեռնարկեն, որ զոհեր չլինեն եւ այլն: Իսկ հետո հայտարարում են, թե երկու ինքնաթիռ հումանիտար օգնություն են ուղարկելու Սիրիա: Էդ գնացած ինքնաթիռներով մարդկանց բերեք, այլ ոչ թե հայտարարություն տարածեք ձեր մտահոգության մասին»:

Իսկ ինչո՞վ են զբաղված ընդդիմադիր նացիոնալիստները: «Հայազնը», որ ցույցի է դուրս գալիս միասեռականների իրավունքների ու Պուտինի այցի դեմ, տոնում է իր սատարած գյուղապետի ընտրվելը Եղվարդ գյուղում ու ոգևորված եզրակացնում. «Ազգային Հեղափոխությունն այլընտրանք չունի»: Իրականում այլընտրանք ունի. ռումբերի տակ մնացած անպաշտպան հայրենակիցներին փրկելն է այլընտրանքը:

Իսկ ո՞ւր է մյուս ազգայնական կուսակցությունը` «Ժառանգությունը», որ Կիլիկիայից փոքր բան չի ուզում ու մեկ էլ միայն ցույցեր է անում` հաջակցություն Ուկրաինայի նացիոնալիստների: Պիտի ռուսական ռուբի տակ ուկրաինացի մնա՞, որ փողոց դուրս գան:

«Ժառանգությանը» պատճառ տամ պայքարի՝ արևմտյան մամուլը ասում է, թե վերջին ավերածությունները ռուսական ավիացիայի աջակցությամբ սկսած կառավարական զորքերի գրոհի հետևանքով են եղել. հանգիստ կարող եք ցույցերով պահանջել, որ Հալեպից էվակուացնեն բոլոր հայերին ու տեղավորեն վարչապետների դղյակներում, բայց ոչ ռուսական դեսպանատան առաջ, նրանք չեն կոչված հայերին պաշտպանել:

Իսկ «Դաշնակցությո՞ւնը»: «Դաշնակցության» անդամները փշերը սրած սպասում են, թե ով կքննադատի իրենց կուսակցությանը, որ երգեն. «Սով, պատերազմ, հիւանդութիւն, Ո՛վ չի գիտեր՝ թող գիտենայ, Մեղաւոր է Դաշնակցութիւն...»: Ուրեմն երգեք՝ «Դաշնակցությունը» պատասխան տալո՞ւ է իր անհեռատես, եթե չասենք հանցագործ քաղաքականության համար, որ ամեն ինչ արեց, որ սիրիահայությունը մնա ռումբերի տակ, Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բառացի հայտարարել է. «Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում եւ կիսի ճակատագիրը Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին»: «Դաշնակցության» ծրագիրը կատարվեց՝ մնացին, կիսեցին: Իսկ չորս տարի առաջ ասողներ կային՝ անհրաժեշտ է բոլոր հայերին դուրս բերել Սիրիայից:

Ո՞վ մնաց, ՀԱԿ-ը ամենաանկեղծն է, նա «նարինջ ուտողներով» չի զբաղվում (Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն է՝ «Նարինջ ուտող սփյուռքահայեր»):

Ասում են` հայերը յուրհատկություններ ունեն: Մի յուրահատկութուն նկատելի է: Չկա մի պետություն ունեցող ժողովուրդ՝ լինի Ռուսաստան, Իսրայել, ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Թուրքիա և այլն, որ ռումբերի տակ թողներ իր հայրենակիցներին: Բացառությունը Հայաստանն է:

Հայաստանի անկախ պատմության մեջ Սիրիան առաջին դեպքը չի, երբ հայրենակիցները մահվան առաջ առանց թիկունք են մնում: Աբխազիայի պատերազմ, ապա Իրաք: Հայաստանը մատը մատին չտվեց:

Աբխազական պատերազմի հենց սկզբում Էստոնիան անմիջապես նավեր ուղարկեց և երկու գյուղերում բնակվող հայրենակիցներին էվակուացրեց: Իսկ Հայաստանի անտարբերության մասին Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանն ասում էր. «Ամենից շատ պատերազմից տուժեցին հայերը, բայց բոլոր ազգերը՝ հույները, հրեաները, էստոնացիները, ռուսները օգնություն էին ստանում իրենց արտասահմանցի ազգակիցներից, իսկ հայերը նույնիսկ մի լիմոնադ էլ չստացան»։  

12-ամյա Միրեյ Հինդոյանը լողի չեմպիոն էր. լուս՝  agbu aleppo ֆբ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter