
Քաղաքապետարանը նաեւ զբաղվածության կենտրո՞ն է
Լենինը մի հոդված ունի, որ կոչվում է «Լավ է քիչ, բայց որակով»: Ճիշտ սրա հակառակն է Նոյեմբերյանի քաղաքապետարանի եւ դրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկությունների հաստիքների պարագայում. դրանք շատ են, սակայն փոքր դրույքաչափերով: Փաստորեն, քաղաքապետարանը մի տեսակ զբաղվածության կենտրոն է դարձել, որը թեպետ ոչ մեծ, բայց աշխատավարձով ապահովում է:
Նոյեմբերի 16-ին կայացած Նոյեմբերյանի ավագանու նիստում հաստատվեցին քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների հաստիքացուցակները, թվաքանակը եւ դրույքաչափերը: Ավագանու անդամները քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից հետաքրքվեցին, թե ի՞նչ սկզբունքով են համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում հաստիքները եւ դրանց դրույքաչափերը սահմանվել:
Քաղաքապետն ասաց, որ շատ հաստիքներ վաղուց եւ մի տեսակ «շարունակաբար» գոյություն ունեն: Վանուշ Ամիրաղյանն անկեղծացա՝ հայտնելով, որ 2005 թ., երբ ինքը քաղաքապետի պաշտոնը առաջին անգամ ստանձնեց, քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների թիվը 103 կամ 106 էր, իսկ հիմա 145 աշխատող կա:
«Մոտ 40 հոգի կարող ենք կրճատել»,- ասաց քաղաքապետը: Սակայն նախընտրական տարում ոչ մի համայնքի ղեկավար նման քայլի չի դիմի, որովհետեւ ում ազատեն աշխատանքից, իսկույն քաղաքապետին եւ ավագանուն թշնամի է դառնում, նա եւ իր բարեկամները հաջորդ տարի կայանալիք ՏԻՄ ընտրություներում ձայն չեն տա գործող քաղաքապետին եւ ավագանու անդամներին: Բացի այդ՝ փոքր քաղաքում, որտեղ բոլորն իրար լավ են ճանաչում, հեշտ չէ մարդուն աշխատատեղից զրկելը, «վատամարդ դառնալը»: Մանավանդ, որ այդ հաստիքները նոր չեն հաստատվել:
Ուշագրավ է, որ Նոյեմբերյանի քաղաքային մարզադպրոցի հավաքարարի աշխատավարձը 35000, մարզչինը` 32500 դրամ , հաշվապահինը` 37500, տնօրենինը`42500 դրամ է: Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տան ռեժիսորը, դերասանը, գեղմասվարը եւ հավաքարարը ստանում են հավասար, նվազագույն` 32500 դրամ աշխատավարձ:
Ավագանու անդամ Մխիթար Խաչիկյանը դժգոհեց, որ փողոցում իրեն է մոտեցել քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենը եւ խոսել կառավարության այն որոշման իրականացման անհրաժեշտության մասին, որով մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձը պետք կրկնակի բարձր լինի հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձից: Իսկ Նոյեմբերյան քաղաքի մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձը 35 հազար դրամ է: Կառավարությունը չէ, որ համայնքի մանկապարտեզների աշխատողներին աշխատավարձ է վճարում: Ընդամենը 112 միլիոն դրամ բյուջե ունեցող Նոյեմբերյան համայնքն ի վիճակի չէ քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների աշխատողների աշխատավարձի թեկուզ փոքր ավելացում կատարել:
«Եթե ամեն աշխատողի աշխատավարձը 1000 դրամով բարձրացնում ենք, դա քաղաքի բյուջեի լրացուցուցիչ 3 միլիոն ծախս է, իսկ նման հնարավորություն մենք չունենք»,- ասաց քաղաքապետ Վանուշ Աիրաղյանը: Հավելենք, որ համայնքի ավագանին նոյեմբերի 16-ի նիստում հաստատեց 2 նոր` քաղաքի 2 մանկապարտեզներից մեկում բուժքրոջ եւ քաղաքային վերակառուցված մարզադաշտի կանաչապատողի հաստիքները: Ավագանու անդամներից Կարեն Անտոնյանը, կարեւորելով նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանումը, , առաջարկեց բուժքրոջ հաստիք հաստատել նաեւ քաղաքի մյուս մանկապարտեզում: Սակայն ավագանու անդամները համայնքային բյուջեի սղության պատճառաբանությամբ չհամաձայնվեցին դրան՝ համարելով, որ մի քուժքույրը կարող է սպասարկել երկու մանկապարտեզներին: Ավագանու անդամներից ոմանք դժգոհեցին, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մշակութային հիմնարկների աշխատողները բարեխիղճ չեն աշխատում, պատճառաբանելով` «մեր ստացածն ինչ է, որ...»:
Որոշվեց համայնքի բյուջեի նախագծի քննակման ժամանակ ավագանու նիստին հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների ղեկավարներին եւ լսել տարվա ընթացքում կատարած գործերի վերաբերյալ նրանց հաշվետվությունը:
Մեկնաբանել