HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նորք» կենտրոն. 5 քայլ` կուտակային կենսաթոշակային համակարգից առավելագույն օգուտ քաղելու համար

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամը տեղեկացնում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ գործունեության կարևոր նախապայման է տարբեր փուլերում մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, իրենց խնայողությունների շարժի և դրանց կառավարման արդյունքների նկատմամբ հետևողականությունը, ըստ անհրաժեշտության` որոշակի գործողությունների ձեռնարկումը: Մասնակիցը, ըստ կենտրոնի, օրինակ, կարող է ցանկացած ժամանակ փոխել կենսաթոշակային ֆոնդը կամ կառավարչին` ավելի բարձր եկամուտներ ունենալու համար: Կենտրոնի հաղորդագրությունն ամբողջությամբ` ստորև.

«Ահա 5 քայլ, որոնք ձեռնարկելու պարագայում Դուք, որպես կուտակային բաղադրիչի մասնակից, կարող եք առավելագույն օգուտ քաղել համակարգից և նպաստել Ձեր միջոցների արդյունավետ կառավարմանը:

  1. Ձեր կուտակային միջոցների նկատմամբ եղեք ուշադիր և հետևեք դրանց աճին:

Յուրաքանչյուր ամիս հետևեք Ձեր կենսաթոշակային հաշվին և համոզվեք, որ գործատուն և պետությունը կատարել են Ձեր կուտակային հատկացումները: Որոշակի պարբերականությամբ ուսումնասիրեք, թե որքանով են ավելացել Ձեր միջոցները կառավարման արդյունքում:

Եթե Դուք նոտար եք կամ անհատ ձեռներեց, ապա պետք է հիշեք, որ կուտակային հատկացումները կատարվում են տարեկան կտրվածքով: Ուստի, համոզվեք, որ յուրաքանչյուր տարի, նախքան ապրիլի 15-ը, Ձեր կենսաթոշակային հաշվին են փոխանցվում նախորդ տարվա համար կատարված հատկացումները:

  1. Ըստ Ձեր տարիքի և ռիսկի հակվածության` ընտրեք Ձեզ ամենահարմար ֆոնդերը:

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի տեսակները երեքն են` «Կայուն եկամտային», որը ցածր ռիսկային ֆոնդ է և ապահովում է ցածր եկամուտ, «Պահպանողական»` միջին ռսիկային և միջին եկամտաբերություն ապահովող ֆոնդ, և «Հավասարակշռված», որն ապահովում է բարձր երկամուտ և, միևնույն ժամանակ, ունի ռիսկայնության ավելի բարձր աստճան:

Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում ընտրել ավելի բարձր ռիսկային պորտֆելներ, իսկ կենսաթոշակային տարիքին մոտենալուն զուգընթաց` միջոցները ուղղել նվազ ռիսկային ֆոնդեր:

  1. Ապակենտրոնացրեք Ձեր ներդրումները:

Դուք կարող եք կուտակային միջոցներ ունենալ մի քանի ֆոնդերում: Որոշ ժամանակ կուտակելով որևէ ֆոնդում` կարելի է այդ միջոցները թողնել տվյալ ֆոնդում կառավարման, իսկ հետագա հատկացումներն ուղղել այլ ֆոնդի: Այսպիսով հնարավորություն կունենաք հետևել տարբեր ֆոնդերի կառավարման արդյունքներին և հետագայում կենսաթոշակային խնայողություններն ամբողջությամբ ուղղել այն ֆոնդին, որի եկամտաբերությունն ամենաբարձրն է:

  1. Հետևեք կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նորություններին և զարգացումներին:

Տեղեկացված ես՝ ուրեմն զինված ես:

  1. Մշտապես ուսումնասիրեք կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների մասին տեղեկատվական աղբյուրները:

Պարբերաբար ուսումնասիրեք կառավարիչների ինտերնետային կայքերը, որտեղ տեղադրվում են ֆինանսական հաշվետվությունները, յուրաքանչյուր ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները, աուդիտ իրականացնող մարմնի եզրակացությունը:

Այս տեղեկությունները կարող են լինել մեծապես օգտակար` նպաստելով հնարավորինս ճիշտ կողմնորոշվելուն կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրության և փոփոխության հարցում»:

լուսանկարը` www.status.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter