
Արման Թաթոյանն ու Տանյա Ռադոչայը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ պաշտպան Արման Թաթոյանի ներկայացուցչությամբ, ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների, դրանց մշտադիտարկման և խթանման:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի դիտարկմամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը ոչ միայն ՄԻՊ-ի, այլև կառավարության առաջնային պարտականությունն է։
«Ամբողջ աշխարհում ՄԻՊ-ի դերն է լինել «ուղղիչ» մարմին, լինել ձայն այն մարդկանց համար, որոնց իրավունքները ոտնահարվում են։ Այդ պատճառով սա այն շրջանակն է, որի շուրջ ցանկանում ենք կազմակերպել մեր համագործակցությունը։ Համոզված եմ՝ ՄԻՊ-ի հետ մեր համագործակցությունը երեխաների համար լինելու է «ձայն»,- նշում է Տանյա Ռադոչայը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հավաստում է, որ ՄԻՊ-ի համար երեխայի իրավունքների պաշտպանությունը իսկապես կարևոր նշանակություն ունի։ Շեշտում է՝ երեխայի իրավունքների պաշտպանության հարցերը իրենց բնույթով բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն են պահանջում։
«Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով պատրաստակամ եմ աշխատել թե՜ իրավասու պետական մարմինների, թե՜ ոլորտի հասարակական կազմակերպությունների և թե՜ իրավապաշտպանների հետ», - նշում է Թաթոյանը։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ այս համագործակցությունը առավել մեծ ծրագրի, զարգացող համագործակցության սկիզբ է։ Կարևորելով երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ ՄԻՊ-ի գրասենյակը հունիս ամսից աշխատակազմում ստեղծել է երեխայի իրավունքների պաշտպանության բաժին, որի առանցքային նպատակներից է մոնիտորինգի ենթարկել երեխայի իրավունքների պաշտպանության ներհայաստանյան ցուցանիշները, վերլուծել օրենսդրությունը, ներկայացնել առաջարկներ՝ դրանց կատարելագործման ուղղությամբ։ Պաշտպանի խոսքով՝ այս ուղղությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների և ներպետական ատյանների հետ։
Մանրամասնելով կնքվող հուշագրի հետագա քայլերը` Թաթոյանը նշում է, որ ՄԻՊ-ն առաջնահերթ նախատեսում է պաշտպանության հարցրերի վերաբերյալ արտահերթ զեկույց հրապարկել, մշակել հատուկ ընթացակարգեր, իրականացնել վերապատրաստման դասընթացներ ՄԻՊ-ի այն աշխատակիցների համար, ովքեր պատասխանատու են երեխայի իրավունքների պաշտապանության հարցում։
Բացի այդ, կներդրվեն հատուկ մեխանիզմներ, որով ՄԻՊ-ը երեխայի պաշտպանության հարցում հանդես կգա որպես գանգատարկման ինքնուրույն մեխանիզմ, բողոքներ կհասցեագրի, որի արդյունքում օրենսդրական նոր լուծումներ առաջ կգան։
Մեկնաբանել