ՃՈ ոստիկանը կասկածվում է յուրացում և կեղծիք կատարելու մեջ
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:
Մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության տեսուչները տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել և հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Տ. Օ.-ին, որը իր իրավասության սահմաններում, հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացը սահմանված կարգով իրականացնելու փոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական ՀՀ դրամ գումար, այնուհետև քաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշված տուգանքների մուծման ժամկետները 6 ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետո արձանագրություններին կցել է մուծման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներն իրականում վճարումներ են կատարել բանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է հիշյալ գումարները:
Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել