Գրեթե 385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ
Ըստ Համաշխարհային բանկի խմբի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր համատեղ վերլուծության` երկու անգամ ավելի հավանական է, որ երեխաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասակները: «Վերջ դնենք ծայրահեղ աղքատությանը՝ կենտրոնանալով երեխաների վրա» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013թ.-ին զարգացող երկրներում բնակվող երեխաներն ապրել են այնպիսի տնային տնտեսություններում, որոնք գոյատևել են օրական 1.90 կամ պակաս ԱՄՆ դոլարով՝ մեծահասակների 9.2 տոկոսի դիմաց: Աշխարհում գրեթե 385 միլիոն երեխա ապրում էր ծայարհեղ աղքատության մեջ: Ստորև՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունը.
«Երեխաները այս ազդեցությունը կրում են անհավասար կերպով՝ կազմելով ուսումնասիրության ենթարկված բնակչության մեկ երրորդը, սակայն ծայրահեղ աղքատների կեսը: Ամենափոքր երեխաները ամենավտանգվածն են՝ հինգ տարին չլրացած երեխաների մեկ հինգերորդը զարգացող երկրներում ապրում է ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում:
«Ոչ միայն ավելի հավանական է, որ երեխաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, այլև՝ աղքատության ազդեցությունը ամենավնասակարն է երեխաների համար: Նրանք ամենախոցելիների մեջ ամենախոցելին են, իսկ ամենափոքր երեխաները վատթարագույն վիճակում են, քանի որ իրենց կողմից կրած զրկանքների արդյունքում վտանգվում է իրենց ֆիզիկական և մտավոր զարգացումը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Սարսափազդու է, որ ենթասահարյան Աֆրիկայի երեխաների կեսը և հինգից մեկը զարգացող երկրներում մեծանում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Սա ոչ միայն սահմանափակում է իրենց ապագան, այլև՝ զարգացումից հետ է պահում իրենց հասարակությունը»:
Նոր վերլուծության հրապարակումը հաջորդում է Համաշխարհային բանկի խմբի նոր կարևորագույն ուսումնասիրությանը՝ «Աղքատությունը և բարեկեցություն բոլորին 2016՝ անդրադառնալով անհավասարությանը», ըստ որի, աշխարհում 367 միլիոն մարդ 2013թ.-ին օրական ապրել է 1.90 ԱՄՆ դոլարով, որոնց կեսը 18 չլրացած երեխաներ ու դեռահասներ են:
«Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների չափազանց մեծ թիվը ցույց է տալիս, որ մենք մեծապես պետք է ներդնենք վաղ տարիքում այնպիսի ծառայություններում, ինչպիսիք են մինչծննդյան խնամքը հղի կանանց համար, վաղ մանկական զարգացման ծրագրերը, որակյալ դպրությունը, մաքուր ջուրը, լավ սանիտարական պայմանները, համընդհանուր առողջապահությունը», -նշել է Համաշխարհային բանկի խմբի աղքատության և հավասարության գծով գլխավոր տնօրեն Անա Ռևենգան (Ana Revenga): «Բարելավելով այս ծառայությունները և համոզվելով, որ այսօրվա երեխաները վաղը աշխատանքի հավասար հնարավորություններ կունենան, միակ ճանապարհն է ճեղքելու միջազգային աղքատության շրջանը, որ այսքան մեծ տարածում ունի այսօր:
Աղքատության համաշխարհային գնահատականը հիմնված է 89 երկրներից հավաքագրված տվյալների վրա և ներկայացնում է զարգացող երկրների բնակչության 83 տոկոսը:
Ենթասահարյան Աֆրիկային է բաժին ընկնում թե՛ ծայրահեղ աղքատության մեջ ապրող հինգ տարին չլրացած երեխաների 50 տոկոսը, թե՛ աշխարհի ծայրահեղ աղքատ երեխաների 50 տոկոսից ավելին: Հարավային Ասիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 36 տոկոսով, միայն Հնդկաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 30 տոկոսով: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող յուրաքանչյուր 5 երեխայից 4-ն ապրում են գյուղական բնակավայրերում:
Ի լրումն, զեկույցը բացահայտում է, որ նույնիսկ ավելի բարձր շեմերում աղքատությունը ոչ հավասար կերպով է ազդում երեխաների վրա: Երեխաների գրեթե 45 տոկոսը ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ յուրաքանչյուրին բաժին է ընկնում օրական 3.10 ԱՄՆ դոլար՝ մեծահասակների 27 տոկոսի դիմաց:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկի խումբը կոչ են անում կառավարություններին՝
- Շարունակաբար չափել մանկական աղքատությունն ազգային և տարածքային մակարդակներում և կենտրոնանալ երեխաների վրա՝ աղքատության նվազեցման ծրագրերում՝ որպես մինչև 2030թ. աղքատության վերացման ջանքերի մաս
- Ուժեղացնել երեխայակենտրոն սոցիալական պաշտպանության համակարգերը՝ ներառելով կանխիկ դրամային փոխանցումներ, որոնք ուղղակիորեն են օգնում աղքատ ընտանիքներին վճարել սննդի, առողջապահական ծառայությունների, կրթության և այլ ծառայությունների համար, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են երեխաներին աղքատության ազդեցությունից և լրացուցիչ հնարավորություններ տալիս երեխաներին աղքատության ճիրաններից դուրս գալու իրենց իսկ կյանքի ընթացքում:
- Առաջնություն տալ կրթության, առողջապահության, մաքուր ջրի, սանիտարական պայմանների և ենթակառուցվածքի ոլորտներում արվող ներդրումներին, որից կշահեն ամենաաղքատ երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր օգնում են երեխաներին նորից աղքատության գիրկը չընկել այնպիսի դեպքերից հետո, ինչպիսիք են երաշտները, հիվանդություններն ու տնտեսական անկայունությունը:
- Այնպիսի քաղաքական որոշումներ մշակել, որոնց արդյունքում տնտեսական աճից կօգտվեն ամենաաղքատ երեխաները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկի խումբը աշխատում են իրենց գործընկերների հետ վերջ դնելու աղքատությանը և քաջալերելու վաղ մանկական զարգացումը այնպիսի միջոցներով, ինչպիսիք են թե՛ դրամական փոխանցումները, թե՛ սնուցման, առողջապահության և կրթական ծրագրերը:
Մանկական աղքատությունը Հայաստանում
Համաձայն «Մանկական աղքատությունը Հայաստանում. բազմակի և համընկնող խոցելիության ազգային վերլուծություն» զեկույցի, որն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համագործակցությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Ինոչենտի հետազոտությունների գրասենյակի տեխնիկական օժանդակությամբ 2013թ. և 2014թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների տվյալների հիման վրա, Հայաստանում երեք երեխայից մեկը և՛ աղքատ է, և՛ խոցելի (28%):
Այս երեխաները ամենախոցելին ու բացառվածն են, և առաջնահերթ ուշադրության պետք է արժանանան սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա բազմաչափ աղքատության դրսևորումների տեսանկյունից խոցելի է երեխաների 64%-ը: Միևնույն ժամանակ Հայաստանում երեխաների մեկ երրորդը խոցելի է, բայց ոչ աղքատ (36%):
Այս երեխաները անմիջական միջամտությունների կարիք ունեն խոցելիությունը հաղթահարելու համար և կարող են դուրս մնալ այն քաղաքականություններից, որոնք ուղղված են միայն նյութական աղքատության հաղթահարմանը: Գյուղաբնակ երեխաների 82%-ը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53% է խոցելի: Քաղաքականությունները պետք է ուղղված լինեն ենթակառուցվածքների տեսանկյունից քաղաք/գյուղ տարբերությունների հաղթահարմանը և ուժեղացնեն սոցիալական պաշտպանության համակարգը գյուղական տարածքներում՝ դրական ազդեցություն ունենալով տնային տնտեսության ընդհանուր մակարդակի վրա»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել