Լոռիում գյուղատնտեսները շարունակում են դժգոհել կարտոֆիլի գնից
Գայանե Սարգսյան
Լոռու մարզի գյուղական համայնքներում բերքահավաքը մոտենում է ավարտին: Նախորդ տարվա համեմատ այս տարի բարձր է հատկապես կարտոֆիլի բերքատվությունը: Սա, սակայն, ներկա գնային պայմաններում կարտոֆիլագործներին այնքան էլ չի ուրախացնում: Գյուղացիներն ասում են, որ կախված կարտոֆիլի չափից` 1 կգ-ի արժեքը տատանվում է 30-100 դրամի սահմանում, ինչը համահունչ չէ կատարած ներդրումների ծավալին:
Տարիներ շարունակ կարտոֆիլագործությամբ զբաղվող 40-ամյա Նորիկ Մելիքսեթյանին հանդիպեցինք Ագարակ-Յաղդան ավտոճանապարհի կանգառում՝ կարտոֆիլ վաճառելիս: «100 դրամով եմ ծախում, բայց մարդիկ ավելի էժան են ուզում, չեն առնում: Ասում են՝ 70-ով, 80-ով տուր»,-նշեց յաղդանցի Նորիկը: Ավելի էժան` գյուղատնտեսը չի ցանկանում վաճառել: Ասում է՝ նույնիսկ 100 դրամով վաճառելու դեպքում չի կարող կատարած ծախսերը փակել:
«Մշակելն ա, պարարտանյութ ա, ամառը մի 4 անգամ տոթի դեղն ա, բուկը տալն ա, հանելն ա, էդքանի տակից ո՞նց դուրս գաս 100 դրամով,- հարցնում է նա ու ինքն էլ պատասխանում,-չես կարա»:
Չնայած օրը կիսվել էր, բայց Նորիկն իր սահմանած գնով դեռ մեկ կիլոգրամ էլ չէր վաճառել: «Ավելի լավ ա անասունին տամ, քան սրանից էժան ծախեմ»,- նշեց նա: Համեմատական կատարելով նախորդ տարվա հետ, գյուղատնտեսն ասում է՝ կարտոֆիլի 1 կգ-ի արժեքը նվազել է շուրջ 50 դրամով: Գյուղացիների խոսքով՝ վերջին 4-5 տարիների ընթացքում նման ցածր գին չի եղել:
«Նախկինում՝ տարիներ առաջ, գինն ավելի էժան եղել է, բայց այդ ժամանակ էլ դիզվառելիքն էժան էր, պարարտանյութն էժան էր: Ճիշտ է, կառավարության կողմից սուբսիդավորումներ կան, բայց էլի ծախսերը որ հաշվում ես, էս գնով անհնար է կարտոֆիլագործությամբ զբաղվել»,- ասում է Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Յաղդան համայնքի համայնքապետ Արամ Ջանջուղազյանը:
Նշելով, որ ցածր է ոչ միայն կարտոֆիլի, այլև ցորենի գինը, գյուղապետը երկրորդի դեպքում, այնուամենայնիվ, գինն արդարացված է համարում:
«Ցորենի մասով պարզ է, արդեն 100 դրամից թանկ ցորեն չի լինի Հայաստանում, քանի որ Ռուսաստանից ներկրվում է, բայց կարտոֆիլի գինը շատ ցածր է. միջին գինը գալիս է 50 դրամ: Խոշորը վաճառում ենք 85, միջինը՝ 50, անասնակերը՝ 30 դրամով»,- ասում է նա: Վերջինս որպես ստեղծված իրավիճակի կարևորագույն պատճառ մատնանշում է որոշ ժամանակով Լարսի անցակետի փակվելու հանգամանքը:
«Լարսի փակման ժամանակ Արարատյան դաշտի կարտոֆիլը քիչ արտահանվեց և Արարատյան դաշտինն սկսեցին վաճառել այն ժամանակ, երբ մենք սկսեցինք վաճառել: Դա էր հիմնական պատճառը»,- նշում է Ա. Ջանջուղազյանը: Համայնքապետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի կանխման համար ժամանակին պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեին: «Պետք է ուրիշ միջոցներ ձեռնարկեին, այդ կարտոֆիլն ինչ-որ ձևով արտահանվեր Հայաստանից, որ այս վիճակը չառաջանար,- ասում է նա ու հավելում,- համակարգային մոտեցում է պետք, էսպես չի կարող շարունակվել»:
Նրա կարծիքը կիսում է լեջանցի Արմեն Մկրտչյանը: «Այդ խնդիրը պետք է լուծվի, որ շուկա գտնեն, որ մարդիկ կարողանան ռեալիզացնել իրենց ապրանքը»,- ասում է փորձառու գյուղատնտեսը, մտավախություն հայտնելով, որ հակառակ դեպքում մարդիկ ցորենի ու կարտոֆիլի ցանքատարածությւններն իր պես կվերածեն խոտհարքերի:
Ստեփանավանի տարածաշրջանի Կողես համայնքի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը վստահ է՝ «խնդիրը չկարգավորվելու դեպքում վերարտադրության գնալու համար մարդկանց մոտ խնդիրներ են առաջանալու»:
«Հնարավոր է մի 30 տոկոսը հենց էդ պատճառով չգնան վերարտադրության»,-կարծիք է հայտնում գյուղապետը: Այսօր, երբ գյուղացին դժգոհում է իր խնդրի հետ միայնակ մնալու համար, Յաղդանի համայնքապետը հարկ է համարում հիշեցնել. «Քաղաքներին մեծ ուշադրություն է դարձվում, գյուղերը մի տեսակ անտեսում են, բայց երբ հերթը հասնի գյուղերին, գյուղերում մարդ չի մնա»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել