ԱԺ ընտրությունների անցկացման համար նախատեսվում է հատկացնել 2,8 միլիարդ դրամ
Յուրաքանչյուր ընտրական գործընթաց իրենից ներկայացնում է որոշակի ծախսեր: ՀՀ քաղաքացիների վրա ավելի թանկ է նստում հատկապես խորհրդարական ընտրությունները:
2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն Ազգային ժողովում է և առաջիկայում կսկսվեն քննարկումները: Նախագծով բաշխվել են պետական միջոցները և այդ ծախսերի մեջ տեղ է գտել նաև 2017թ. ապրիլին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Ըստ պետական բյուջեի նախագծի՝ ԱԺ պատգամավորների ընտրությունների կազմակերպման համար նախատեսվել է հատկացնել 2 միլիարդ 784 միլիոն 503 հազար դրամ, որից մոտ 260 միլիոն դրամը հատկացվելու է ոստիկանությանը՝ ընտրական գործընթացում հասարակական կարգն ապահովելու և այլ գործառույթներ իրականացնելու նպատակով, իսկ գումարի մնացածը մասը հատկացվելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Նախագծով 183 միլիոն 603 հազար դրամ էլ նախատեսվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար:
Սպասվում են նաև Երևան քաղաքի ավագանու անդամի ընտրություններ: Այդ նպատակով նախատեսվել է հատկացնել 676 միլիոն դրամ, որից 84.5 միլիոն դրամը՝ ոստիկանությանը, իսկ գումարի մնացած մասը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Մեկնաբանել