
Գյումրու դեռեւս գործող ավագանին որոշեց նախագահի եղբորը չզրկել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից
Գյումրու ավագանու արտահերթ նիստին, որ նշանակված էր հոկտեմբերի 4-ին, ավագանու 21 անդամներից մասնակցում էր ընդամենը 13-ը: Նիստի համար զարմանալիորեն ընտրվել էր ոչ թե ավագանու նորակառույց դահլիճը, որը բավական ընդարձակ էր, այլ նախկին փոքր, անհարմար տարածքը, որտեղ անցած 4 տարիներին սովորաբար գումարվում էին նիստերն ու կայանում զանազան այլ պաշտոնական հանդիպումներ:
Քննարկվող հարցերը շատ չէին՝ ընդամենը 5-ը եւ առավել սպասվում էր, որ կրքերը բորբոքվելու են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Ազատի Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի> կոչումից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ: Որպես զեկուցող հանդես էր գալու բնակիչների շրջանում ստորագրահավաք իրականացրած քաղաքացիական նախաձեռնության, ԳԱԼԱ կուսակցության եւ նույնանուն հեռուստաընկերության ներկայացուցիչ Արմենուհի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նախքան ՏԻՄ ընտրությունները, հունիս ամսին Գյումրու քաղաքապետարանը դիմում-առաջարկ էր ստացել Լեւոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» շնորհելու մասին: Նման նախաձեռնությամբ, մեկ օրվա տարբերությամբ, հանդես էին եկել Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը (փառատոնը ֆինանսավորվում է «Փյունիկ» հիմնադրամից-հեղ.) եւ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություներում ԲՀԿ ցուցակը գլխավորող, մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը (առաջարկն անելու պահին Վարդեւան Գրիգորյանը դեռեւս ղեկավարում էր ինստիտուտը-հեղ.):
Ավագանու օգոստոսի 12-ին կայացած նիստի ժամանակ Լեւոն Ազատի Սարգսյանին ավագանու որոշմամբ շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Որոշմանը դեմ քվեարկեց ավագանիներից միայն Լեւոն Բարսեղյանը: Այնուհետեւ ԳԱԼԱ կուսակցության անդամները որոշեցին ստորագրահավաք սկսել բնակչության շրջանում՝ Լեւոն Սարգսյանին այդ կոչումից զրկելու համար: 1800 մարդ կողմ էր արտահայտվել նախագահի եղբորը կոչումից զրկելու առաջարկին:
Օգոստոսի 25-ին Լեւոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելու որոշման նախագիծը նախաձեռնող խմբի անդամները հանձնել էին Գյումրու քաղաքապետարան: Սեպտեմբերին քաղաքապետ Սամվել Բալասանյանը եզրակացություն էր ուղասրկել ԳԱԼԱ-ի նախաձեռնող խմբին՝ պարզաբանելով, թե որոշման վերաբերյալ հիմնավորումները համոզիչ եւ լիարժեք չեն, եւ չի կարելի մարդուն պարզապես զրկել կոչումից միայն այն բանի համար, որ նա նախագահի եղբայրն է:
Հոկտմեբերի 4-ի նիստը նշանակված էր ժամը 12-ին, սակայն սկսվեց մի փոքր ուշացումով եւ հինգ րոպե անց վերածվեց վիճաբանության: Առաջին հարցի զեկուցման ժամանակ ներս մտած ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Քրիստինե Մկրտչյանը պարզապես ընդհատեց նիստը՝ հայտարարելով, որ ներքեւում հավաքված քաղաքացիներին չեն թույլատրում բարձրանալ 3-րդ հարկ եւ մասնակցել նիստին: Նա խնդրեց քաղաքապետին հրահանգել պահակակետի աշխատակիցներին թույլատրել քաղաքացիներին վերեւ բարձրանալ: Վիճաբանությանը խառնվեցին անեւ ավագանու անդամները: Քաղաքապետը հայտարարեց, որ կարող են մարդիկ բարձրանալ եւ գալ կանգնել, եթե, իհարկե, ազատ տեղ կգտնվի դահլիճում:
Նիստը շարունակվեց բավական լարված մթնոլորտում: Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու եւ 2016թ.-ի Օլիմպիական խաղերում, աշխարհի եւ եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին եւ նրանց մարզիչներին դրամական պարգեւներ շնորհելու որոշումներին:
Լեւոն Ազատի Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու մասին հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ, ինչպես եւ սպասվում էր, կողմ քվեարկեց միայն ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը: Նիստին ներկա ավագանու մնացած անդամները դեմ քվեարկեցին: Կարելի է արձանագրել, որ ավագանու պատմության մեջ սա միակ դեպքն էր, երբ հարցի քննարկման ժամանակ դեմ-կողմ հարաբերակացության հակառակ պատկերը գրանցվեց:
Մեկնաբանել