ՊԵԿ-ը հարկերից խուսափելու առանձնակի խոշոր դեպք է բացահայտել
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որն իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու դեպք է բացահայտել:
Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի եւ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում, արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջարդվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն:
Օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միաժամանակ պարզվել է, որ ընկերությունը գործարքներ է իրականացրել ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսացող «3 Ջի քոնսթրաքշն», «Ֆեռունսա էյ էմ» և «Տեխնիքալ քովենանտ» ՍՊ ընկերությունների հետ: Ըստ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, թեպետ 3 ընկերությունները հիմնադրվել են ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, սակայն կազմակերպությունների կառավարումը հանձնվել էր Հայաստանում գործող իրավաբանական խորհրդատվական ընկերությունների: Վերջիններիս գործունեության ուսումնասիրությունը հիմնավոր կասկածի տեղիք էր տվել: Պարզվել է, որ այդ կազմակերպություններն իրենց աշխատողների թվաքանակով, ինչպես նաև նյութատեխնիկական առկա բազայով չէին կարող իրականացնել այն աշխատանքները, որոնք արտացոլված էին ներկայացված հաշվետվություններում: 3 ընկերություններն էլ գործարքների արդյունքում ստացել են խոշոր գումարի հասույթներ: Այսպես, «3 Ջի քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունում` 516 մլն դրամ, «Ֆեռունսա էյ էմ» ընկերությունում` 187 մլն դրամ և «Տեխնիքալ քովենանտ» ընկերությունում` 557 մլն դրամ: ՕՀՎ վարչության պետի տեղակալի դիտարկմամբ` գումարներն ամբողջությամբ ձևակերպվել են «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային հաշվառման մեջ և հիմք հանդիսացել հարկային պարտավորությունների հաշվարկման համար: Ըստ Գերասիմ Մկրտչյանի, 3 կազմակերպությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար:
Լուսանկարում Գերասիմ Մկրտչյանն է
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել