
2017 թվականի բյուջեի նախագծում կենսաթոշակների չափերի բարձրացում նախատեսված չէ
ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանին մտահոգել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքացիների կողմից հաճախ հնչեցվող հարցը. «Արդյո՞ք հնարավոր է ապրել այն կենսաթոշակներով, որ այսօր Հայաստանում գոյություն ունեն»։ Դրա վերաբերյալ Զուրաբյանը մի քանի փաստական տվյալ է մեջբերում՝ Հայաստանում այսօր կենսաթոշակի նվազագույն չափը 14 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը՝ 38 հազար 813 դրամ։ Եթե նա այդ գումարը համեմատում է պաշտոնապես ներկայացված սպառողական զամբյուղի հետ, ակնհայտ է համարում, որ այդչափ թոշակներով Հայաստանում անհնար է ապրել։
Հիշեցնում է՝ կենսաթոշակային բյուջեն կազմում է 198 միլիարդ դրամ՝ մոտ 420 միլիոն դոլար, իսկ թոշակառուների ընդհանուր թվաքանակը՝ 463 հազար մարդ։
«Որ նայում ենք այս թվերին, հարց է ծագում՝ ի՞նչ խնդիր է մեր պետության համար ավելացնել կենսաթոշակները այնքան, որ միջին կենսաթոշակի չափը անցնի նվազագույն սպասռողական զամբյուղը։ Մեր բյուջեից աա կպահանջի 290 միլիոն դոլարի հատկացում, բայց նախ էապես կլավացնի մոտ կես միլիոն թոշակառուների կենսապայմանները, կխթանի սպառումը, կնպաստի տնտեսության զարգացմանը», - նշում է պատգամավորը։
Զուրաբյանը շեշտում է՝ ինչպես ցույց են տալիս իրենց կատարած հաշվարկները, վերահսկողական պալատի հաշվետվությունները՝ բյուջի վատնումները, մսխումները տարեկան կազնում է մոտ 700 միլիոն դոլար։ Այդ պատճառով պնդում է՝ եթե դադարեցվի պետական բյուջեի կողոպուտը, կարող են էապես բարելավել թոշակառուների սոցիալական դրությունը։
Անդրադառնալով ֆինանսների նախարարի այն հայտարարությանը, թե առաջիկա ամիսներին թոշակների բարձրացում նախատեսված չէ, խմբակցության անդամը սա գնահատում է` որպես կառավարության կապիտուլացիա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Զուրաբյանի դիտարկումներին արձագանքեց` նշելով, որ պետական բյուջեում սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կազմում են ծախսերի շուրջ 30 %-ը և վերջին տարիներին ոլորտին ուղղվող ծախսերը ավելացել են։ Ընդգծում է՝ միայն վերջին երկու տարիներին, տարեկան շուրջ 15 %-ով ավելացել է կեսաթոշակի միջին չափը՝ միջինացված դառնալով շուրջ 41 հազար դրամ։
«Իհարկե դա բավարար չէ։ Իհարկե այն խնդիրները, որոնք ունենք, նաև առաջին հերթին վերաբերում են ծերացող հասարակության խնդիրներին։ Դրանք հատուկ են ոչ միայն Հայաստանին։ Եվ այսօր պետական բյուջեում ունենալով՝ շուրջ 30% սոցիալական պաշտպանության ծախսեր, նաև ինքներդ վստահաբար տեղյակ եք, թե դրանց հետ կպաված ինչպիսի աշխատանքներ են տարվում, որպեսզի մեծացվի դրա հասցեականությունը, արդյունավետությունը», - նշում է Ասատրյանը։
Նախարարի հաղորդմամբ՝ 2017 թվականի բյուջեի նախագծում կոնկրետ կենսաթոշակների չափերի բարձրացման հետ կապված միջոցներ նախատեսված չեն։ Ասատրյանը այդ հանգամանքը պայմանավորում է այսօրվա իրողությունով, ընդհանուր սոցիալ-տնտեսական, առաջանահերթ լուծվելիք խնդիրներով։
Արտեմ Ասատրյանը նաև կարևորում է այն ծառայությունները, որոնք տրամադրվում են միայնակ թոշակառուներին և տարեցներին` նշելով, որ դրանք առաջին հայացքից չեն վերածվում դրամական վճարի, սակայն ևս ռեսուրսներ են, որոնք ուղղվում են դրա կարիքն ունեցողներին։
Մեկնաբանել