HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաչակնքվելով մարդկանց շան ծեծ տա՞լ, էլ ի՞նչ գրոշ ունի քո խաչակնքվելը»,- ասում է Վանաձորում ծեծի ենթարկված հոգևորականը

Գայանե Սարգսյան

Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանը մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց երեկ երեկոյան դաժան ծեծի ենթարկվելու փաստը: Վերջինիս խոսքով` իրեն ծեծել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող Արկադի Փելեշյանը, ով նաև գործող ավագանու անդամ է:

Ծեծի ենթարկված հոգևոր հովիվը գտնում է, որ տեղի ունեցած դաժան հաշվեհարդարը քաղաքական դրդապատճառներ ուներ: «Այնքանով էր սա քաղաքական, որքանով կապված էր ընտրությունների հետ,- նշում է հոգևորականն ու ներկայացնում հաշվեհարդարի դրդապատճառների իր տեսակետը,- ես նրա հետ ծանոթացել եմ իմ ավագ եղբոր միջոցով, ինձ ասել է՝ ախպեր ջան, ինձ ձայն կտաս, չէ՞, ասել եմ կրոնական և բարեգործական միությունների նախագահներին արգելված է քարոզչական աշխատանք կատարել, դու մարդիկ ունես, նրանց միջոցով դա կատարի»:

Իր չընտրելու մասին Ռ. Գրիգորյանն ասել է տարբեր միջավայրերում՝ ծանոթների հետ զրույցների ընթացքում` ընդգծելով, որ ցանկանում է, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնի ինտելեկտուալ անձնավորություն:

Երկրորդ դրդապատճառն, ըստ Ռ. Գրիգորյանի, այն է, որ թույլ չի տվել եկեղեցում բաժանել «Հայկական Վերածնունդ» կուսակցության գովազդային օրացույցները: Այս գործն, ի դեպ, ըստ հոգևորականի, ցանկացել է անել թոռնիկը:

«Թոռնիկս ասաց՝ շաբաթ օրը կարո՞ղ եմ եկեղեցում Վերածննդի օրացույցները բաժանեմ: Ասացի՝ ոչ, չի կարելի, սա եկեղեցի է, քաղաքականությունը ուրիշ բան է: Տվել էին իրեն, որ անի էդ գործը, բայց ո՞վ, ես էլ չգիտեմ մինչև հիմա: Ասեց՝ պապ իսկ կարելի՞ է  գոնե եկեղեցուց դուրս գալիս տամ, ասեցի՝ չէ, նախ այդ օրը չի կարելի, հետո էլ սա հոգևոր միջավայր է»,- ասում է Ռ. Գրիգորյանը:

Հարցին՝ ընտրությունների հետ կապված ինչ-որ խոստում կամ պայմանավորվածություն եղել է իր և Արկադի Փելեշյանի միջև, Ռ. Գրիգորյանը վստահեցնում է՝ ոչ:

Ավագանու անդամի արարքը որակելով որպես հանցագործություն` զրուցակիս ավելի շատ ցավում է ոչ թե ստացած ֆիզիկական հարվածների, այլև ընտանիքի հոգեբանական վիճակի համար: Վերջինս ցավով է նշում, որ առանձնանալու առաջարկով սենյակ մտած Արկադին նախ խաչակնքել է, վայրկյաններ անց, սակայն, հզոր հարվածների տեղատարափ է տեղացել գլխին:

«Տեղի ունեցած երևույթը ես գնահատում եմ որպես հանցագործություն, որովհետև օրինաց երկիր կառուցելու ճանապարհին մարդիկ անօրինությամբ են զբաղվում:Խաչակնքվելով մարդկանց շան ծեծ տա՞լ: Էլ ի՞նչ գրոշ ունի քո խաչքակնքվելը»,- ասում է նա: Հոգևորականի խոսքով` դաժան ծեծը տևել է շուրջ 10 րոպե:

«Միայն գլխիս էր տալիս, ինքը ծեծելու հարցում մասնագետ է, փորձառու ծեծող է: Այդ օրը ահավոր հարբած էր»,- ասում է հոգոևորականը:

Ասում է, որ իրեն օգնության են հասել երկու փեսաները, բարեկամները: Դուստրը զանգահարել է ոստիկանություն: Ավելի ուշ՝ 23:30-ի սահմաններում, տուժածը դիմել է Վանաձորի բժշկական կենտրոն: Հերթապահող բժիշկը՝ նեյրովիրաբույժ Կարեն Բեկչյանը, համապատասխան հետազոտություններից հետո առաջարկել է ստոցիոնար բուժում, ինչից վերջինս հրաժարվել է: Վերջնական ախտորոշումը ճշտելու համար բժիշկը խորհուրդ է տվել կատարել համակարգչային տոմոգրաֆիա: Սթրեսային գիշերից հետո Ռ. Գրիգորյանն ասում է. «Իմ միակ ցանկությունը նա է, որ Արկադին ապաշխարհի, աստծուն գտնի ու իր չարությունից ազատագրվի: Ես որպես քրիստոնյա մարդ պատրաստ եմ ներել, բայց օրենքը կորոշի…»:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ՝ «տարվում է քննություն՝ կատարված դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հստակեցվում է ներգրավված անձանց շրջանակը, ձեռք բերված տվյալների հիման վրա տրվելիք իրավական գնահատականի մասին կիրազեկվի ավելի ուշ»:  

Մեկնաբանություններ (3)

Անուշիկ
Պատճառն ինչնա եղել?
դդդդդ
տենց էլ բան չհասկացա
Շուշանիկ Կարապետյան
աստծուն բառը պետք է գրվի մեծատառ։ Աստված մեկն է եվ գրվում է մեծատառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter