Ներմուծում և արտահանում կատարողները պետության հետ կփոխհարաբերվեն էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Ներմուծում և արտահանում կատարողները պետական մարմինների հետ կփոխհարաբերվեն միայն էլեկտրոնային եղանակով: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն` նշելով, որ նոր ծառայությունը կհանգեցնի «բարձր արդյունավետության և ժամանակի տնտեսման»: Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ըստ ՊԵԿ-ի, մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնելով պետական որևէ մարմնի` այլևս կարիք չեն ունենա այն տրամադրելու մեկ այլ գերատեսչության։
««Ազգային մեկ պատուհան» պլատֆորմում ներառված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, մաքսային մարմինը, ապահովագրական կազմակերպությունները, բրոքերները, միջնորդները, բանկերը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, առողջապահության նախարարությունը և իրավասու այլ մարմինները շփվում են բացառապես էլեկտրոնային լեզվով՝ միմյանց փոխանցելով ստացված տեղեկատվությունը»,- ասել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը։
![]() |
| Միքայել Փաշայանը |
ՊԵԿ-ը հաղորդում է նաև, որ առաջիկայում ավարտվելու է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսակետերը արդիականացնելու ծրագիրը, որին հաջորդելու է էլեկտրոնային ծառայությունների գործարկումը` ««Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն»: Սա, ըստ ՊԵԿ-ի, թույլ կտա հետագայում նաև հարևան պետությունների՝ Վրաստանի, Իրանի հետ փոխանակել տեղեկատվություն՝ ներմուծման և արտահանման գործընթացն արագ կազմակերպելու համար: «Նոր մաքսակետերում բեռնատարների ու ֆիզիկական անձանց համար տարանջատված գործընթացներ են գործելու: Բացի այդ, ֆիզկական անձանց համար մեկ վայրում են կենտրոնանալու բոլոր ծառայությունները՝ անձնագրային, մաքսային, բանկային, բրոքերային: Զբոսաշրջիկները երկրի մասին առաջին տպավորությունը ձևավորելու են սահմանին՝ տեսնելով միջազգային չափանիշներին համապատասխանող պայմանները»,- ասել է Փաշայանը:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի մաքսային մարմնի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ՊԵԿ-ը մշակել է մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային ծառայություն: ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով ապրանք ներկրելիս տարանցման հայտարարագիր ներկայացնելու գործընթացն էլեկտրոնային հարթակ է տեղափոխվել: Նույնը վերաբերում է նաև արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացվող վիճակագրական հայտարարագրին ու վճարման ապահովմանը: «Եթե նախկինում ներմուծված դեղերն անցնում էին կարմիր ուղիով, այսինքն՝ նախ նմուշներ էին ուղարկվում առողջապահության նախարարություն, և այնտեղից ստացված հավաստագիրը մաքսային մարմնին տրամադրելուց հետո միայն կատարվում էր ապրանքի բացթողում, ապա այսօր բիզնեսի առօրյան բարդացնող գործընթացները վերացել են. անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով և բիզնես-ՊԵԿ-ԱՆ շղթայում՝ միաժամանակյա շփմամբ: Նմանատիպ սկզբունքով է մշակվել նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագրի ստացման համակարգը»,- ասել է ՏՏ վարչության պետը` հավելելով, որ կգործի նաև ապրանքների դասակարգման նախնական որոշումների համակարգը, որի միջոցով ԱՏԳ մասնակիցները հնարավորություն ունեն էլեկտրոնային եղանակով դիմելու մաքսային մարմնին` որոշելու արտահանվող և ներմուծվող ապրանքների համապատասխանությունն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել