OTT (over-the-top) ծառայությունները հավակնում են զբաղեցնել GSM ցանցերի տեղը
Մարինե Ստեփանյան
Հոկտեմբերի 5-ին Երեւանում կայացավ ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը՝ ArmIGF 2016-ը, որին մասնակցում էին տեղական և միջազգային փորձագետներ: Համաժողովի ընթացքում քննարկվող թեմաներից էր շուկա մտած OTT (over-the-top) ծառայությունների կարգավորման հարցը, որն արդիական է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Ներկայացնելով արդեն գոյություն ունեցող OTT ծառայությունները՝ Հայաստանի «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը խոսեց հեռահաղորդակցության ցանցի գործունեության առանձնահատկությունների մասին նախքան ինտերնետը և դրա առաջացումից հետո: «Ինտերնետի առաջացումից հետո հեռահաղորդակցության ցանցերի տնօրինողները սկսեցին տրամադրել իրենց ցանցը այլ ձայնային ծառայություններ մատուցող ընկերությունների, ինչպիսին են Skype-ը, Viber-ը, Facebook-ը, WhatsApp-ը, բայց օգտագործելով գործող ցանցերի հնարավորությունները՝ նոր ծառայությունները ոչինչ չեն վճարում դրա համար: Ցանցերի հնարավորությունները զարգացնելու համար մեծ գումարներ են ներդրվում, նոր ծառայություններն օգտվում են ցանցի նոր հնարավորություններից, բայց քանի որ չեն վճարում դրանց համար, ցանցերը կանգնում են ֆինանսական խնդիրների առաջ»,-նշեց Գրիգորի Սաղյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում այսօր արդեն երևում է 2G ցանցերի ապամոնտաժման միտումը, քանի որ դրանք հնացած են, մատուցում են միայն ձայնային ծառայություններ:
OTT ծառայությունները հասանելի են սմարթֆոնների միջոցով, իսկ վիճակագրությունը կանխատեսում է, որ 2019 թվականին աշխարհում սմարթֆոն օգտագործողների թիվը կլինի 2.6 մլրդ: Ընդ որում, այսօրվա տվյալները ցույց են տալիս, որ բոլոր սմարթֆոն ունեցողները օգտվում են սոցիալական ցանցերից: 3G և 4G ծառայությունները 2017թ. հասանելի կլինեն բնակչության 85%-ին: «Այսպիսով՝ տեսնում ենք, որ աճում են սմարթֆոնների, սոցիալական ցանցերից օգտվողների, 3G և 4G ծառայությունների տարածման ցուցանիշները: Դա նշանակում է, որ մարդիկ արդեն պատրաստ են օգտվելու over-the-top ծառայություններից»,-եզրակացրեց Հայաստանի «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը:
Հեռուստահեռարձակման և ՏՀՏ ոլորտի փորձագետ Ֆրեդերիկ Դոնկի խոսքով՝ OTT ծառայությունների և հեռահաղորդակցության օպերատորների միջև առկա այս խնդիրը գլոբալ է և միանշանակ լուծում հնարավոր չէ առաջարկել, քանի որ նոր ծառայությունների առաջացումով ստեղծվում է նոր շուկա: Եվ քանի որ տարբեր երկրներում շուկան տարբեր է, յուրաքանչյուր երկիր անհատական մոտեցում պետք է ցուցաբերի այս խնդրին:
Ուկրաինայի ցանցային տեղեկատվական կենտրոնի անդամ Յուրի Կարգապոլովը նույնպես նշեց, որ խնդիրը գլոբալ է, և կարգավորիչները չեն կարողանում տալ դրա պատասխանը: «Ցանկացած սպառող, օգտագործելով համապատասխան սարք, կարող է ցանկացած պահի տեղում ստանալ այն ծառայությունը, որ անհրաժեշտ է: Կարծում եմ, որ սա OTT ծառայությունների հիմնական բնութագիրն է: Սա, իրոք, լուրջ խնդիր է կարգավորիչների համար, որովհետև բոլորովին նոր դաշտ է ստեղծվում: Արդյոք դա իսկական առաջընթա՞ց է: Ո՛չ: Արդյոք օգտակա՞ր է սպառողների համար: Ո՛չ: Բայց դա շուկայի ընթացիկ վիճակն է»,-ասաց Յուրի Կարգապոլովը:
«Զանգի» հայկական ընկերության հիմնադիր-տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ OTT ծառայությունները տեխնոլոգիական զարգացման բնական հետևանք են, և պետք չէ դրանցում հնացած տեխնոլոգիաները ոչնչացնելու դիտավորություն տեսնել: «OTT-ն ունի բազմաթիվ մրցակցային առավելություններ, որոնցով շարունակում է իր հաղթարշավը: Այսօր GSM-ը OTT-ի նկատմամբ ունի միայն մեկ առավելություն՝ զանգերի հասանելիությունը: GSM-ի հասանելիությունը 98-99% է, OTT-ինը՝ 85-90%: Բայց մենք և OTT այլ ընկերություններ մեծ աշխատանք ենք տանում՝ այս առավելությունը ևս ձեռք բերելու համար: Սա ժամանակի խնդիր է, և շուտով GSM-ը կդառնա անօգուտ: IOS 10-ի գործարկումից հետո մենք տեսանք, որ Apple ընկերությունը արդեն հավասարեցրել է OTT զանգը GSM-ին»: Ըստ Վահրամ Մարտիրոսյանի՝ փորձը ցույց է տալիս, որ հնարավոր չէ իրավաբանական եղանակով արգելափակել նոր սերնդի ծառայությունների առաջընթացը: Խնդրի լուծման համար ոնամք գնում են համագործակցության ճանապարհով: Օրինակ՝ «Զանգի»-ն ռուսական և ղազախական օպերատորների հետ արդեն սկսել է այդ երկրներում տեղադրել OTT և GSM համատեղ կապը:
ՏՏ ոլորտի զարգացման մասնագետ, «ԱրմենՏել»-ի նախկին խոսնակ Անուշ Բեղլոյանի դիտարկմամբ՝ հեռահաղորդակցության օպերատորներն ունեն իրենց գոյությունը պահպանելու երկու ճանապարհ: Առաջին դեպքում դրանք պետք է հնարավորինս հետաձգեն իրենց անխուսափելի մահը: Երկրորդ տարբերակն է՝ գտնել մի բիզնես մոդել, որը թույլ կտա փոխել իրենց էությունը եւ ենթակառուցվածքի տրամադրման համար գումար ստացող ընկերություններից վերածվել բովանդակություն տրամադրող ընկերությունների: «Այդ ճանապարհով հիմա գնում են առաջատար օպերատորները: Փայլուն օրինակը ինտեգրումն է, որ նշեց «Զանգի»-ի տնօրենը: Սոցիալական ցանցը ստանում է հնարավորություն իր ծառայությունները տրամադրելու օպերատորի համաշխարհային բազային: Օրինակ՝ եթե ես WhatsApp-ից չեմ օգտվում, բայց իմանում եմ, որ այն ինչ-որ ձևով ներառված է օպերատորի սակագնային պլանի մեջ, ես կսկսեմ օգտվել դրանից: Սա WhatsApp-ի առավելությունն է: Օպերատորը միանշանակ կորցնում է եկամուտ, քանի որ ցանցի միջոցով զանգ կատարելու փոխարեն բաժանորդն օգտվում է OTT ծառայությունից: Բայց GSM ցանցում օպերատորն ունի այնքան այլ ծառայություններ, որ կարողանում է պահել իր բաժանորդին»,-ասաց Անուշ Բեղլոյանը:
«ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության տեղեկատվական համակարգերի բաժնի պետ Թոմաս Մազեջյանի կարծիքով՝ բոլոր օպերատորները աշխարհում պետք է ձևափոխվեն ինչ-որ չափով, բայց դեռ շատ վաղ է դրա մասին խոսելը: «Հետաքրքիրն այն է, որ մենք միաժամանակ վաճառում ենք սմարթֆոններ, ինչ-որ չափով նպաստում ենք OTT-ի տարածմանը, բայց խոսում ենք այն մասին, որ OTT-ն մեզ վնասում է: Ճիշտ տարբերակը համագործակցության ձև գտնելն է, որ երկու կողմն էլ բավարարեն իրենց շահերը: Այսօր եթե հեռահաղորդակցության օպերատորները չանեն ներդրումներ, OTT-ն չի կարող զարգանալ: Միաժամանակ երկուսն էլ միմյանցից կախված են»,-նշեց Թոմաս Մազեջյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել