
Վերահաշվարկ չորս մարզերում
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված թիվ 23, 24, 26, 27, 29, 34, 36 և թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ստացել էին 32 դիմում՝ թվով 49 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
Երկու համայնքներում վերահաշվարկ իրականացվել է, իսկ երկու համայնքների վերահաշվարկի դիմումները մերժել են։ Հիշեցնենք, որ օրեր առաջ երկու մարզերում ևս ձայների վերահաշվարկ էր կատարվել։
27 ընտրատարածքային հանձնաժողովը դիմում է ստացել Կամարիս և Զովունի 27/02 և 27/03 ընտրատեղամասերից։ Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Զովունու 27/02 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի որևէ խախատում չկա։
Իսկ մյուս՝ 27/03 ընտրատեղամասում անվավեր 29 քվեարթրիկները դարձել են 34, Սերժիկ Ավետիսյանին տրված ձայների թիվը 603-ից դարձել է 600, իսկ Վրույր Սիմոնյանի օգտին տրվածները` 548-ից 546։
Կամարիս համայնքում վերահաշվարկից հետո անվավեր 32 քվեաթերթիկները դարձել են 44, համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ենոքյանի օգտին նախկին 203 ձայնի փոխարեն հաշվարկվել է 202-ը, Սարգիս Խաչիկյանի 124 քվեն մնացել է անփոփոխ, Գոռ Հակոբյանի 502 քվեն դարձել է 493, իսկ Հովիկ Սարգսյանի 300-ը՝ 297։
Թիվ 29 ընտրատարածքային հանձնաժողովը վերահաշվարկի դիմում է ստացել 25/05 և 25/06 ընտրատեղամասերից։ 25/05 ընտրատեղամասի նախնական հաշվարկները նույնն են մնացել, իսկ 25/06 ընտրատեղամասում անվավեր երկու քվեաթերթիկ է ավելացել՝ մեկական ձայն պակասեցնելով առաջադրված թեկնածուներից։
38 ընտրատարծքում ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել։ Ավագանու թեկնածու Արշավիր Հարությունյանը երեք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի համար է դիմել, սակայն մերժվել է։ Ինչպես «Հետք»-ին փոխանցեց թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը` դիմումատուն դիմումը ոչ ամրագրված ձևով է ներկայացրել և հանձնաժողովը, ուսումնասիրելով գրանցամատյանները և արձանագրությունները, որոշել է վերահաշվարկ չկատարել: «Մերժեցինք դիմումը, քանի որ նա այդ երեք ընտրատեղամասերում ներկա չի գտնվել։ Կամ ինքը պետք է դիմում ներկայացներ այն ընտրատեղամասի ձայների հաշվարկի համար, որտեղ ներկա է գտնվել, կամ դիմումները ներկայացնեին այդ երեք ընտրատեղամասերի իր վստահված անձիք»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը յոթ ընտրատեղասերում ձայների վերահաշվարկի դիմում է ստացել, սակայն կրկին մերժել է։ Վերահաշվարկի հինգ դիմում ներկայացրել է «Բալասանյան դաշինք»-ը, երկու դիմում՝ «Գյումրեցու ոգի»-ն։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանի խոսքով՝ դիմումները մերժվել են, քանի որ վերահաշվարկի կատարման հիմքեր չեն ներկայացվել։
լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի
Մեկնաբանել