
Զարուհի Փոստանջյան. «Անվանումների փոփոխությամբ չենք կարող համակարգային փոփոխություն ենթադրել»
Աժ-ում այսօր խմբակցությունները ճեպազրույցով են հանդես գալու։ Առաջին ելույթը «Ժառանգություն» խմբակցությանն էր։
Խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շաբաթվա որպես կարևոր իրադարձություն առանձնացրեց կառավարության կազմում փոփոխություններ կատարելու առաջարկը, մասնավորապես՝ մեկ նախարարության լուծարումը, մի քանի նախարարությունների անվանումներում որոշակի փոփոխությունների կատարումը։
Փոստանջյանն այս փոփոխությունները համակարգային չի համարում՝ նշելով, որ եթե ցանկանում ենք երկրում իրական փոփոխություններ տեղի ունենան, պետք է համակարագային փոփոխությունների առաջարկով հանդես գանք, ոչ թե միայն անվանումների մեջ փոփոխություններ կատարենք։
«Գտնում եմ՝ միանշանակ է, որ կառավարության այս ձևաչափը պետք է հիմովին փոփոխվի։ Նաև կարելի էր նախարարությունների կեսը կրճատել, մինչդեռ դա էլ տեղի չունեցավ։ Անվանումների փոփոխությամբ չենք կարող համակարգային փոփոխություն ենթադրել»,-նշում է Զարուհի Փոստանջյանը։
ԱԺ-ում քննարկված երկրորդ կարևոր հարց նա դիտարկեց ԿԸՀ-ի անդամների ընտրությունը, իր գնահատմամբ՝ նշանակումը։ Փոստանջյանի համար այս գործընթացը հավաստել է, որ ՀՀ-ում տեղի չեն ունենում համակարգային փոփոխություններ, 25 տարիների արատավոր շրջապտույտը շարունակվում:
Խմբակցության անդամի համար կառավարության նոր կազմը իրական փոփոխությունների ակնկալիք չի ներշնչում: Փոստանջյանն ասում է, որ նույն վարքագիծը շարունակվելու է, և կառավարությունը շարունակելու է նույն գործառույթները։ Որպես փաստ մեջբերում է Հարկային օրենսգրքի նախագծի ընդունումը։
Այն դիտարկմանը, թե կառավարությունը տեխնոկրատների կառավարություն է, ըստ Փոստանջյանի, իրականությանը չի համապատասխանում, քանի որ, երբ խոսվում է տեխնոկրատների կառավարության մասին, պետք է հասկանալ՝ այդ կառավարությունը չպետք է կազմվի միայն էնտուզիազմի վրա:
Մեկնաբանել