Կապարի քանակությունը երեխաների արյան մեջ Ախթալայում, Ալավերդիում և Երևան քաղաքի Էրեբունի շրջանում
Վերջերս BMC Pubic Health գրախոսվող գիտական ամսագրում տպագրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի իրականացրած հետազոտությունը։ Այս հետազոտությունը գնահատում է 4-6 տարեկան երեխաների արյան մեջ կապարի քանակը և այն պայմանավորող ռիսկի գործոնները հանքագործական և մետաղական հանքաքարի արդյունաբերությամբ զբաղվող երեք համայնքներում՝ Ախթալայում, Ալավերդիում և Երևան քաղաքի Էրեբունի շրջանում։ Անգլերեն հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ առցանց կամ ներբեռնել այստեղ
Ստորև ներկայացնում ենք հետազոտության հիմնական արդյունքների մի մասը հայերեն։
Հանքագործական և մետաղական հանքաքարի արդյունաբերությունը մարդու առողջության համար վտանգավոր է շրջակա միջավայր արտանետված գազերի և ծանր մետաղների պատճառով։ Ծանր մետաղների թվում առավել հաճախ հանդիպողն ու վտանգավորը կապարն է։ Կապարը թունավոր ծանր մետաղ է, որի հետ շփումը, հատկապես երեխաների համար, հղի է ծանր նյարդաբանական, մտավոր և վարքագծային խանգարումների վտանգներով։ Երեխաների բարձր խոցելիությունը կապարի հանդեպ պայմանավորված է աճող օրգանիզմում կապարի բարձր ներծծման ծավալներով և դեռևս զարգացող մանկական ուղեղի՝ թույների նկատմամբ գերզգայունությամբ, երեխաների ցածր քաշով, կապարով աղտոտված հողի ու փոշու հետ ակտիվ շփումով, հատկապես անլվա ձեռքերից հողն ու փոշին կուլ տալով, որն էլ կապարի՝ երեխայի օրգանիզմ ներթափանցելու հիմնական ուղին է։ Հատկանշական է, որ երեխաների համար չկա կապարի նվազագույն անվտանգ մակարդակ։ Արյան մեջ կապարի ցանկացած քանակություն կապված է որոշակի առողջական ռիսկի հետ։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (Centers for Disease Control and Prevention - CDC) առողջապահական կազմակերպությունը որպես համեմատության (ռեֆերենսային) մակարդակ[1] առաջարկում է 5մկգ/դլ-ը։ Այս մակարդակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում 1-5 տարեկան երեխաների մոտ արյան մեջ կապարի քանակը գերազանցում է 5մկգ/դլ-ը այդ երեխաների միայն 2.5%-ի մոտ , իսկ երեխաների 97.5%-ի մոտ կապարի քանակը արյան մեջ հապատասխանաբար ցածր է 5մկգ/դլ-ից։ Քանի որ տեղական ռեֆերենսային մակարդակ գոյություն չունի, այս հետազոտությունը որպես համեմատության մակարդակ օգտագործել է ամերիկյանը։
Հետազոտությունը իրականացվել է հանքագործական և մետաղական հանքաքարի արդյունաբերությամբ զբաղվող երեք քաղաքաներում՝ Ալավերդիում, Ախթալայում և Երևան քաղաքի Էրեբունի շրջանում։ Ալավերդիում է գտնվում Հայաստանի Հանրապետությունում գործող ամենամեծ պղնձաձուլարանը։ Ախթալան ունի բաց բազմամետաղական հանք և լեռնահարստացուցիչ կոմբինատ, որի երեք պոչամբարներից մեկը գտնվում է քաղաքում, իսկ մյուս երկուսը՝ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Երևան քաղաքի Էրեբունի շրջանն ունի երկու, համեմատաբար փոքր, մոլիբդենի ձուլարաններ։ Հետազոտությանը մասնացկել են այս երեք համայնքների 2007, 2008, և 2009 թվականներին ծնված 159 երեխա, 37-ը՝ Ախթալայից, 69-ը՝ Ալավերդիից, 53-ը՝ Երևանից։ Հատուկ սարքի և ստանդարտ մեթոդի միջոցով չափվել է երեխաների արյան մեջ կապարի քանակը և հարցազրույցներ են անցկացվել երեխաների հիմնական խնամակալների՝ հիմնականում մայրերի հետ։
Հետազոտությանը մասնակցած բոլոր երեխաների 68.6%-ի մոտ կապարի քանակն արյան մեջ գերազանցել է 5մկգ/դլ ռեֆերենսային մակարդակը։ Ախթալայում ռեֆերենսային մակարդակը գերազանցել է երեխաների 83.8%-ը, Ալավերդիում՝ 72.5%-ը, իսկ Երևանում՝ 52.8%-ը։ Համեմատության համար հիշենք, որ ԱՄՆ-ում կապարի քանակը արյան մեջ գերազանցում է 5մկգ/դլ-ը երեխաների ընդամենը 2.5%-ի մոտ։ Հետևաբար կարող ենք նկատել, որ Ախթալայում արյան մեջ կապարի 5մկգ/դլ մակարդակը գերազանցող երեխաների տոկոսը մոտ 34 անգամ բարձր է ԱՄՆ-ում ռեֆերենսային մակարդակը գերազանցող երեխաների տոկոսից։ Ալավերդիում այդ նույն տոկոսը գերազանցում է ամերիկյան ցուցանիշը 29 անգամ, իսկ Երևանում՝ 21 անգամ։ Հետազոտված երեխաների ամբողջ խմբում կապարի քանակի երկրաչափական միջինը 6մկգ/դլ է, Ախթալայում մասնավորապես 6.8մկգ/դլ է, Ալավերդիում՝ 6.4մկգ/դլ, իսկ Էրեբունիում՝ 5.1մկգ/դլ։ Թե հետազոտությանը մասնակցած երեխաների ամբողջական խմբում, թե առանձին քաղաքներում արյան մեջ կապարի քանակի երկրաչափական միջինը գերազանցում է 5մկգ/դլ ռեֆերենսային մակարդակը։ Երեխաների մոտ կապարով թունավորման պատկերը առավել մտահոգիչ է Ախթալայում, ինչին հաջորդում է Ալավերդին, ապա՝ Երևանը։
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը լեռնային հանքարդյունաբերությունը հռչակել է տնտեսության առաջատար ճյուղ և ստեղծել բարենպաստ պայմաններ ոլորտի շահագործմանը նոր թափ հաղորդելու համար։ Երկրում հանքարդյունաբերության աճող տեմպերին զուգահեռ ոլորտի հարուցած բնապահպանական, տնտեսական և սոցիալական բազում խնդիրների շարքում պետության կողմից շարունակում են անտեսված մնալ նաև առողջապահական խնդիրները, որոնք հատկապես մտահոգիչ են այս արդյունաբերության մեջ ակտիվորեն ներգրավված համայնքների և դրանց հարակից բնակավայրերի բնակչության համար։ Գոյություն չունի պետական որևէ ծրագիր կամ մոտեցում, որը մշտադիտարկման կենթարկեր, կգնահատեր, կնվազեցներ և կկանխարգելեր հանքարդյունաբերությամբ պայմանավորված առողջական ռիսկերը և հանրային առողջությանը հարուցած վնասները։ Այս հետազոտությունը, որպես իրավիճակը գնահատող և վնասների կոնկրետ ծավալների մասին պատկերացում տվող մի մասնավոր փորձ, վկայում է հանքարդյունաբերության բարձիթողի հետևանքներով հետևողականորեն զբաղվելու պետական մոտեցման անհրաժեշտության և հրատապության մասին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել