
Տան պատերը ճերմակ լինեին, որ երեխաներս մանկությունը լուսավոր հիշեն
Նարեկ Ալեքսանյան
Մուժիկյանների ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Երկհարկանի վթարային շենքը, որում գտնվում է նրանց տունը, քաղաքի ամենահին շինություններից է, կարկուտի հետևանքով տանիքը վնասվել է, անձրևաջրերի կուտակումից պատերը գրեթե միշտ խոնավ են։
Արշակն ու Ալյոնան
Գագիկն ու Մարինեն 4 երեխա ունեն՝ Էդգարը, Էդիտան, Ալյոնան ու Արշակը։ Ընտանիքում ամեն մեկն իր երազանքն ունի։ Ամենափոքրը՝ 6 տարեկան Արշակը, նոր հեծանիվ է ուզում ունենալ, հինը կոտրված է, ծնողները ցանկանում են ավարտել տան վերանորոգումը։ Մարինեն մեկ տարի է գործազուրկ է, աշխատանք է փնտրում։ Գագիկը կոյուղագործ է, ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ։ Երեխաների նպաստը 40 հազար է։
Գագիկն ու Արշակը
Շենքի բակում Մուժիկյանները փոքրիկ հավաբուն ունեն, որտեղ հավ ու սագ են պահում։
- Հիմա մի քիչ ցեխոտ են, սիրուն չեն, բայց որ դուրս են գալիս լողանալու, անցնող-դառնողը կանգում նայում է, հարևանները սիրում եմ մեր սագերին, ափսոս կզաքիսը սաղին կերավ, էսքանը մնացին,- ասում է Գագիկը։
Հավաբնի մի մասն առանց տանիք է, նաև այդ պատճառով է, որ սագերը քիչ են․ հավերի հետ փոքր խցում չեն տեղավորվում ձմռանը։
Ալյոնան գերազանցությամբ ավարտել է գեղարվեստի դպրոցը
- Անասուն ունենանք, բարեկամի գոմում էլ կպահենք, չեն մերժի, կօգնեն, բայց 70 հազարով անասուն որտեղի ՞ց առնենք,- ասում է Մարինեն,- գումարը հազիվ հերիքում է սննդին, գազին, լույսին, երեխաների հագուստը պարտքով ենք վերցնում, էստեղի խանութներում մեզ ճանաչում են, տալիս են։
Մուժիկյանները մոտ 2 միլիոն դրամի վարկ են ունեցեկ, որից 900 հազարն արդեն մարել են՝ ամսական վճարելով 100 հազար դրամ։
- Կուզեի մեր տան պատերը ճերմակ լինեին, որ երեխաներս մեծանան, իրենց մանկությունը լուսավոր հիշեն,- ասում է Մարինեն։
Արշակի կոտրված հեծանիվը
Ալյոնան ցույց է տալիս նկարչության դիպլոմները
Տան միջով ձգվող էքստրեմալ աստիճանները երեխաներն արդեն ճարպկորեն են բարձրանում
Մեկնաբանել