HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով: 

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երևանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաև Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ նշել Երևանի տարեդարձը: Մենք երախտապարտ ենք և մշտապես հիշում ու փայփայում ենք բոլոր այն մարդկանց անունները, ովքեր անմասն չեն թե՛ մեր ցավին, թե՛ մեր ուրախությանը»,- Փարիզի քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հույս է հայտնել, որ քաղաքապետ Անն Իդալգոյի այցը Երևան կլինի արդյունավետ և կնշանավորվի հետագա համագործակցության խորացման վերաբերյալ նոր պայմանավորվածություններով:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ ու բովանդակություն են ստացել Հայաստանի անկախացումից հետո, և այսօր այդ հարաբերությունները բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բոլոր ոլորտներում զարգացող և տարեցտարի ամրապնդվող հայ-ֆրանսիական սերտ փոխգործակցությունը, նշելով, որ վերջին տարիների քաղաքական կանոնավոր երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները, համագործակցությունը միջխորհրդարանական և բազմակողմ ձևաչափերում, մշակութային, կրթական ակտիվ կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը շուրջ չորս տասնյակ քաղաքների ու շրջանների միջև, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում արդյունավետ աշխատանքը ամուր հիմք և լավ նախադրյալներ են հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակաբար խորացնելու համար:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում անուրանալի ավանդ ունի ֆրանսահայ համայնքը, որի մի ստվար հատվածը բնակվում է հենց Փարիզում: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին Իդալգոյին՝ փարիզահայության հանդեպ ուշադիր և մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար՝ կարևորելով նաև նրա անձնական ներգրավվածությունը նաև երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև օրեցօր ամրապնդվող համագործակցության գործում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Փարիզի քաղաքապետի և քաղաքապետարանի աջակցությունը ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում 2015թ. ապրիլի 24-ին տիկին Իդալգոյի այցը Երևան:

Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ներգրավվածությունը և նախագահ Օլանդի անձնական ներդրումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter