ISTC Academy ուսումնական ծրագիրը բուհերին նոր կրթական մոդել է առաջարկում
Մարինե Ստեփանյան
Հոկտեմբերի 7-ին IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «ISTC Think Day with Academia» միջոցառումը, որի շրջանակներում ISTC Academy ծրագրի մասնակից ուսանողները ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները:
ParkingMap-ը հավելվածի նախագիծ է, որը թույլ կտա տեսնել Երևանում ազատ ավտոկայանատեղերը քարտեզի միջոցով, ընդ որում՝ ինչպես սովորական կայանատեղիները, այնպես էլ կարմիր գծերով նշվածները: Նախագծի համահեղինակ Արմեն Քոսյանը պատմեց. «Համագործակցության դեպքում հնարավոր է նաև ներառել մասնավոր ավտոկայանները: Այդ ամենը դեռ աշխատելու է արհեստական ինտելեկտի միջոցով, չնայած փորձում ենք այլ գաղափարներ գտնել, որովհետև արհեստական ինտելեկտը թանկ է: Մոտ ժամանակներս նախատեսում ենք մասնակցել IBM Hackathon-ին, որի մրցանակը արհեստական ինտելեկտին որոշակի չափով անվճար հասանելիությունն է: Մտածում ենք նաև մասնակցել Eurasian Mobile Challenge-ին և բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում ենք ներդրումներ գտնել գաղափարը կյանքի կոչելու համար: Ընդ որում, խմբում բոլորս համոզված ենք, որ մեր գաղափարը չենք վաճառելու, ինչպես լինում է շատ ստարտափերի դեպքում, այլ զարգացնելու ենք այն՝ դարձնելով ինքնուրույն բիզնես»: Քանի որ հայկական շուկան փոքր է, Հայաստանում կթողարկվի ծրագրի նախնական տարբերակը, և երբ այն սկսի աշխատել, կհանվի արտաքին շուկա:
FoodMix հավելվածը հնարավորություն կտա օգտատերերին ճիշտ կողմնորոշվելու ուտելիքների պատրաստման հարցում և հիմնվելով եղած մթերքների ցուցակի վրա՝ կառաջարկի տարբեր բաղադրատոմսեր և սննդակարգեր:
Հավելվածի հեղինակներից Տիգրան Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց գաղափարի ծագման մասին. «Ընկերներով նստած էինք, երբ Էլենը ասաց, որ սոված է, մտածեցինք, որ շատ մարդիկ տանը մթերքներ ունեն, բայց չգիտեն՝ ինչ կարելի է դրանցով պատրաստել: Որոշեցինք, որ կարելի է ստեղծել մի հավելված, որում կլինեն տարբեր երկրների խոհանոցների բաղադրատոմսեր, և հավելվածում գրելով ձեռքի տակ ունեցած մթերքների անվանումները՝ մարդկանց կառաջարկվեն այդ մթերքներով պատրաստվող ուտեստների բաղադրատոմսեր: Ինչ վերաբերում է մեր առաջարկած սննդակարգերին, դրանք, ի տարբերություն համացանցում տարածված սննդակարգերի, կստուգվեն բժիշկների կողմից»:
FoodMix-ի համահեղինակ Էլեն Արամյանը հավելեց. «FoodMix-ը դեռ զարգացման փուլում է, աշխատում ենք բիզնես պլանի մշակման վրա: Մեր գաղափարի թիրախում երիտասարդներն են, ովքեր չունեն խոհարարական հմտություններ կամ հետևում են հատուկ սննդակարգի և օգտագործում են միայն որոշ մթերքներ»:
Jarvis ծրագրի հիմնական նպատակն է օգնել մարդկանց հեշտ և արագ գնումներ կատարել: «Մեր բջջային հավելվածի մեջ պետք է նշել այն ապրանքի հատկանիշները՝ գինը, չափսը, գույնը, որ ցանկանում եք գնել, և հավելվածը խանութների բազայի հիման վրա կուղղորդի այն խանութ, որտեղ կա նշված ապրանքը: Սա օգնում է խնայել ժամանակը, հատկապես՝ եթե օգտվում եք մեծ առևտրի կենտրոններից, հանրախանութներից: Ծրագիրը նախ կզարգացնենք Հայաստանում, հետո կծավալվենք արտաքին շուկայում»,-ասաց նախագծի համահեղինակ Մարիամ Սիմոնյանը:
Jarvis-ն ունի նաև ավելի բարդ նախագիծ, որը կօգնի հեշտությամբ նվերներ ընտրել հարազատների և ընկերների համար՝ կապվելով նրանց սոցիալական ցանցերի էջերին, որտեղ ինֆորմացիայի մեծ շտեմարան կա մարդու հետաքրքրությունների մասին: Դրանց հիման վրա հավելվածը կառաջարկի նվերների ցանկ: Բայց քանի որ տարածված սոցիալական ցանցերը մեծ մասամբ թույլ չեն տալիս մուտքն անձնական էջեր, այս մասով ծրագրի իրագործումը բարդանում է:
ISTC կրթական ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սաֆարյանի խոսքով՝ ISTC Academy ուսումնական ծրագրի հիմնական նպատակը կրթական մոդել ստեղծելն էր, որը հետագայում կկարողանային կիրառել համալսարանները: «Այսօր ռեսուրսների բացակայության պատճառով ուսանողները չեն կարողանում բավարար հմտություններ ձեռք բերել աշխատանքում կիրառելու համար: Համալսարանն ավարտելուց հետո խնդիր է լինում վերապատրաստվելու, փորձնական դասընթացներ անցնելու: IBM-ի Academic Initiatives ծրագրի շրջանակներում մենք որոշեցինք համագործակցել բոլոր բուհերի հետ, որպեսզի դասախոսները արդիականացնեն իրենց առարկայական ցանկերը, և ուսանողներին դասավանդեն՝ կիրառելով IT գործիքներ: Այսպես ստեղծեցինք մեր կրթական մոդելը, որին մասնակցում են համալսարանների դասախոսներ: Ընդհանուր քանակով ունենք ավելի քան 100 դասախոս, որոնք վերապատրաստվել են մեզ մոտ, և շուրջ 1000 ուսանողներ, որոնք մասնակցել են մեր դասընթացներին: Բայց զուտ ISTC ուսանողական դասընթացների շրջանակներում իրականացրել ենք երկու ծրագիր, որոնց համար մոտ 300 դիմորդ ենք ունեցել: Նրանցից ամեն անգամ ընտրել ենք 40 ուսանողի՝ 20-ը՝ տեխնոլոգիական գծով, 20-ը՝ բիզնեսի գծով»,-նշեց ծրագրի պատասխանատուն:
Դասընթացի շնորհիվ ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում ոչ միայն ծրագրավորման, այլև բիզնեսի մասին՝ սովորելով բիզնես գործընթացների կառավարում, բիզնես վերլուծություն, սոցիալական մեդիայի վերլուծություն, որոնք նոր ուղղություններ են: Իսկ նոր դասընթացների նպատակը, ըստ ծրագրի պատասխանատուի, լինելու է նաև գիտահետազոտական խմբերի ձևավորումը, որոնց բացը կա Հայաստանում:
Մինչ օրս ծրագրին մասնակցությունը եղել է անվճար, բայց Ռուզաննա Սաֆարյանի խոսքով՝ հնարավոր է, որ ապագայում դասընթացները լինեն նաև վճարովի. «Մտածում ենք ունենալ թե՛ վճարովի, թե՛ անվճար դասընթացներ, որովհետև դիմորդները շատ են, իսկ ռեսուրսը այնքան չի բավականացնում, որպեսզի կարողանանք բոլորի ցանկությունը բավարարել: Վճարովի մոդելով կփորձենք ավելի շատ մարդկանց մասնակցության հնարավորություն տալ: Վճարը կլինի շատ փոքր, որպեսզի ուսանողը կարողանա ինքնուրույն վճարել»:
Նոյեմբերին կլինի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակներում կանցկացվի Smarter Armenia Hackathon-ը:
Հայաստանում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հիմնադրվել է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, IBM կազմակերպության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և Երևանի պետական համալսարանի կողմից: Այն տեղակայված է ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել