HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կասեցվել է Medialab-ի ծաղրանկարների գողության գործի վարույթը

Կասեցվել  է Medialab-ի «Չ՛Արգելված» խորագրով քաղաքական ծաղրանկարների գողության գործով քրեական գործը։ Նշենք, որ օգոստոսի 8-ին www.medialab.am-ի տնօրեն Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացվել էր 107 ծաղրանկար՝ նրան պատճառելով 139.000 դրամի վնաս։

Ինչպես Մարիաննա Գրիգորյանին պարզաբանել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնից՝ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քերական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։

Նախաքննության ընթացքում, ըստ Մարիաննա Գրիգորյանին ուղարկված ծանուցագրի, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքին հանձնարարական է տրվել ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին, գողոնը և դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու ուղղությամբ, սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել։

Ծանուցագրով նաև պարզաբանել են, որ նախաքննության ընթացքում կատարվել են բոլոր հնարավոր քննչական, դատավարական գործողությունները, ձեռնարկվել են համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դեռևս հայտնի չէ որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձը, ուստի այդ հիմքով քրեական գործը կասեցվել է։

Գործով փաստաբան Հայկուհի Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են 7-օրյա ժամկետում բողոքարկել քննչական բաժնի որոշումը։ Փաստաբանը նաև տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ գործի վարույթն այսքան շուտ կասեցվեց, թեև, ըստ նրա, վարույթ իրականացնող մարմինը նույնականացող հնարավոր տվյալներ չուներ. «Գողության բացահայտման համար տեղեկատվություն չկար։ Կար միայն փաստ, որ նկարները գողացել են, բայց տեսնող, լսող այլ տեսակի հնարավոր հետքեր, ապացույցներ, որոնք ինչ-որ ձևով այդ անձանց ի հայտ կբերեին, չկային։ Խնդիրը սա էր»,-նշում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին՝ Երեւանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած «Չ՛Արգելված» խորագրով քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսից հետո անհայտ անձիք կոտրել էին ցուցահանդեսի կազմակերպիչ, Medialab.am կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետևի ապակին ու գողացել միայն ծաղրանկարները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter