
Գյումրու քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը
Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստն անցավ առանց միջադեպերի: Ավագանու 33 անդամներից ներկա էին միայն «Բալասանյան» դաշինքից ընտրված 17 անդամները: «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» եւ «Գալա» կուսակցություններից ընտրված ավագանու անդամները բոյկոտել էին նիստը: Նրանց համար հատկացված 16 տեղերն այդպես էլ մինչեւ նիստի ավարտը թափուր մնացին:
Ըստ սահմանված արարողակարգի` նիստը բացեց ավագանիներից տարիքով ամենաավագը՝ Արամայիս Գրիգորյանը: Վերջինս շնորհավորեց ներկաներին՝ անուն առ անուն ներկայացնելով ավագանու ներկա եւ բացակա անդամներին:
Ավագանու բոլոր 33 անդամներին ներկայացնելուց հետո, Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ քաղաքապետ է վերընտրվել Սամվել Բալասանյանը: Վերջինիս հանձնվեց Գյումրու պատկերով լանջաշղթան եւ քաղաքի խորհրդանշական բանալին: Սամվել Բալասանյանը երդվեց ազնվորեն եւ բարեխղճորեն ծառայել Գյումրի քաղաքի զարգացման ու բարգավաճման գործին, մշտապես գործել ի շահ քաղաքի եւ բնակիչների:
Երդման արարողությունից հետո նորընտիր քաղաքապետն իրավունք ստացավ ղեկավարելու նիստը: Սամվել Բալասանյանն ափսոսանք հայտնեց բացակա գործընկերների համար՝ նշելով, որ ճիշտը ի շահ քաղաքի համագործակցելն է: Նա հայտնեց, որ ձեւավորվելու են խմբակցություններ, ինչպես ընդունված է ԱԺ-ում:
Ավագանու հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 10-ին:
Մեկնաբանել