HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել Արմեն Քյուրքչյանի «Հայկական դրոշմազարդ կտավ» գիրքը

Լույս է տեսել և արդեն վաճառքում է «Հայկական դրոշմազարդ կտավ» գիրքը։ Այն Արմեն Քյուրքչյանի երրորդ գիրքն է, որում ժողովված և ներկայացված են հայկական միջնադարյան դրոշմազարդերի ավելի քան 200 նմուշներ՝ Արմեն Քյուրքչյանի մշակմամբ։

Գիրքն ուղեկցվում է CD սկավառակով, որտեղ ընդգրկված են հայկական դրոշմազարդ կտավների 174 պատկերներ՝ jpg ֆորմատով։ Գրքի լուսանկարնեը Հրայր Բազե Խաչերյանինն են, տեքստը՝ Արամ Շարամբեյանինը։

Կտավի դրոշմազարդերով ձևավորման տեխնիկային մենք հիմնականում ծանոթ ենք եկեղեցիների խորանների վարագույրներից, մինչդեռ դրա հսկայական քանակով նմուշներ թաքնված են հայկական մշակույթի առավել հայտնի մեկ այլ ճյուղի՝ ձեռագիր զարդամատյանների մեջ, որոնք, ծառայելով դրանց պահպանությանն ու հաճախ ունենալով ոչ պակաս գեղարվեստական արժեք, պատշաճորեն եզրել են այդ մատյանները։ Այդ ձեռագրերից են մեզ հասել դրոշմազարդ կտավների նմուշները:

Դեռևս 20-րդ դարի 30-ականներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ և արվեստաբան Գարեգին Հովսեփյանն իր հոդվածներից մեկում նշել է, որ հարկ է ստեղծել և հրապարակել հին հայկական դաջվածքների հավաքածու-կատալոգ, որը հարուստ նյութ կապահովի կիրառական արվեստի ուսումնասիրության համար։

Անցել է շուրջ 80 տարի, և լույս է տեսել «Հայկական դրոշմազարդ կտավ» գիրքը, որն առանց որևէ գիտական խոսք ասելու հավակնության, ընթերցողին է ներկայացնում հայկական կիրառական արվեստի այս քիչ ծանոթ շերտերից մեկը՝ կտավի դաջերով մշակման 11-18-րդ դարերի 200-ից ավելի նմուշներ՝ ալբոմի հեղինակ Արմեն Քյուրքչյանի գեղարվեստական մշակմամբ։

Գեղարվեստական մշակում բառակապակցությունը պատահական չէ ընտրված, քանի որ այն ամենապարփակ ձևով է ներկայացնում վերաբերմունքը, որը սերնդեսերունդ հայ վարպետներն ունեցել են դեպի այս արվեստը։

Դրոշմազարդերի նմուշների այսօրվա գեղագիտական տեսանկյունից հեղինակային վերաիմաստավորումը դարձնում է այս գիրքը, ինչպես և հեղինակի նախորդ երկու ալբոմները՝ «Հայկական զարդարվեստ» և «Հայկական զարդատառ», անգնահատելի գործիք ամենատարբեր ոլորտներում աշխատող արվեստագետների, ձևավորողների և արհեստավորների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter