
Վիկտոր Դալլաքյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել իր զբաղեցրած պաշտոններից և ՀՀԿ անդամակցությունից։ Նա հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել` մանրամասնելով. «Հայտարարում եմ, որ հրաժարական եմ տալիս հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Դուրս եմ գալիս Հայաստանի հանարապետական կուսակցությունից։ Այսուհետ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այսօրվա իմ ելույթից հետո, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,-ասել է նա։
Նա նաև դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իր՝ վերը նշված հայտարարություններին։
Նախկին ՀՀԿ-ականը հիշում է, թե ինչպես 2012-ի հունվարին Սերժ Սարգսյանն իրեն նախագահական նստավայր է հրավիրել, իր խոսքով՝ խնդրել, որպեսզի շարունակի իր հետ համագործակցությունը՝ առաջարկելով անդամակցել ՀՀԿ-ին։ Ասում է՝ իմ մոտեցումները ընդունելուց հետո անդամակցեցի կուսակցությանը։
Դալլաքյանը հավաստիացնում է, որ Հայաստանի ապագայի և քաղաքական մոտեցումների վերաբերյալ պատկերացումներ ունի, որն ամփոփել է իր հեղինակած գրքում։
Քաղաքական իր գործունեության ընթացքում կարևորում է գերժամանակակից, մրցունակ, կենսունակ պետություն ունենալու հանգամանքը: Հաջորդիվ նշում է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները գումարներ կորզելու, դրանք վատնելու հարթությունից պետք է տեղափոխել ցանցային հարթություն, մասնավորապես՝ Հայաստանակենտրոն գործունեության շրջանակներում Սփյուռքի հետ այնպիսի քաղաքականություն իրականացնել, որի արդյունքում հայկական կապիտալը կդառնա հայկական քաղաքականություն, ինչպես հրեաների դեպքում է։
ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորումը, նրա կարծիքով, պետք է դիտարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին։
Հաջորդիվ առանձնացնում է՝ հայության գոյաբանական ճգնաժամի և Հայաստանի` իր գնահատմամբ կատաստրոֆիկ դեմոգրաֆիականիրավիճակի հաղթահարումը։
Նաև առանցքային է համարում Հայաստանի ապաշրջափակումը, որի համար առաջարկում է երեք տարբերակ՝ աբխազական, Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։
Անդրադառնալով տասնամյակների իր գործունեությանը՝ պնդում է, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում համագործակցել է Հայաստանի բոլոր նախագահների հետ, միաժամանակ խստորեն քննադատել նրանց։ Իսկ համագործակցելով Հայաստանի բոլոր վարչապետների հետ` նրանց երբևէ որևէ խնդրանքով չի դիմել։
«Ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, դրա համար էլ ես համագործակցել եմ Հայաստանի երեք նախագահների հետ, ովքեր, կամա թե ակամա, ստորագրել են իմ ներկայացրած բոլոր 83 օրենքները»,-նշում է նա։
Խոսելով 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից՝ չի ցանկացել մանրամասնել` նշելով, որ ընտրություններին մասնակցելու կուսակցական ցուցակը կներկայացնի հետագայում։
Իսկ մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե կուսակցական շրջանակներում համագործակցելու է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, Դալլաքյանը չի պարզաբանում` նշելով, որ Սեյրան Օհանյանը հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել, այդ պատճառով ձեռնպահ կմնա այդ տեղեկությունը մանրամասնելուց։ Սակայն, բարձր է գնահատում Օհանյանի գործունեությունը և կարծում է, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլինի նման գործչի հետ համագործակցությունը։
Լուանկարը` Ազատություն ռադիոկայանի
Մեկնաբանել