
Ալադին-Սիթի. Դուբայում մեկնարկել է նոր համալիրի նախագծումը
Arabian Business հրատարակությունը, հղում կատարելով Դուբայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաի հայտարարությանը, հայտնում է, որ մեկնարկել է Ալադին-Սիթի պրոյեկտի նախագծումը: Դուբայ-Կրիկ ծովածոցում նախագծվող համալիրը ոգեշնչված է Ալադինի և ծովագնաց Սինդբադի հեքիաթներով:
Արաբական հեքիաթների վրա հիմնված զբոսաշրջային տարածքի ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 2014 թվականին: Այդ ժամանակ Դուբայի քաղաքապետարանի ղեկավար Հուսեին Նասեր Լուտան հայտարարել էր , որ ծովածոցի շրջանում նախատեսվում է շինարարություն, որտեղ կառույցները կունենան Արևելքի լեգենդները հիշեցնող «անսովոր գմբեթների տեսք»:
Ալադին-Սիթին բաղկացած է լինելու երեք աշտարակներից, որոնք շատ մոտ են լինելու ափին, իսկ ամենաբարձրը ունենալու է 34 հարկի բարձրություն: Հյուրանոցային և գրասենյակային ենթակառուցվածքներով հագեցած աշտարակները նախատեսվում է միացնել իրար կամուրջներով։ Փակ կամուրջները կունենան առանձին օդափոխության համակարգ և շարժասանդուղքներ:
Ալադին-Սիթի համալիրը ունենալու է 900 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի:
Նախագծի խորհրդատու է նշանակվել ավստրալական ճարտարագիտական Meinhardt Group ընկերությունը: Arabian Business-ը հայտնում է, որ ծրագրի նախագծումը պետք է ավարտվի մեկ տարվա ընթացքում:
Մեկնաբանել