
Լսողության խնդիր ունեցողները պահանջում են «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահի հրաժարականը
Լսողության խնդիր ունեցող մի խումբ մարդիկ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը։
«Մեր՝ խուլերի, պահանջն է` «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը։ Դժգոհ ենք։ Անտարբեր է խուլերի հանդեպ։ Խուլերն աշխատանք չունեն, ուշադրություն չկա։ Ինքնուրույն որոշել ու ընտրել է, որ պետք է չորս տարի աշխատի, բայց մենք համաձայն չենք։ Քանի որ մենք ՀԿ-ենք, ժողովուրդը պետք է ընտրի նախագահին, ոչ թե ինքը որոշի և ընտրի իրեն, նստի, աշխատի ու ասի՝ ոչ, ես պետք է աշխատեմ մինչ 2018 թվական»,-նշում է Ռոզա Բալեյանը։
Կառավարության շենքի դիմաց հավաքավածներից մեկի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ընթացքում կառավարությունից հայտնել են, որ ներկայացնեն իրենց դիմում-բողոքը, ինչով կկարողանան, կօգնեն։
«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ չի հասկանում, թե ինչու են նրանք գնացել վարչապետի մոտ, կամ ինչ բողոք-պահանջ ունեն։ Նաև տեղյակ չէ, թե հավաքվածներն ինչ են ցանկանում, որը նա չի կատարում։ Ասում է՝ լսողության խնդիր ունեցողների հետ շփվել է, սակայն պաշտոնապես երբևէ իրեն պահանջներ չեն ներկայացրել։
Գրիգորյանը հիշում է, թե ինչպես են մի խումբ խուլեր իրենց փաստաբանի հետ այցելել գրասենյակ՝ պահանջելով ներկայացնել խուլերի ունեցվածքի վերաբերյալ փաստաթղթեր: Ներկայացրել է, սակայն, իր պնդմամբ՝ մինչ օրս բողոքում են, թե տնօրենը վաճառել է խուլերի մշակույթի պալատը։
«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահը հաստատում է խուլերի այն պահանջը, որ նրանք ունեն աշխատանքային խնդիրներ, հաճախ իրենց տնօրինության տակ գտնվող շինությունները մատչելի գնով են վարձակալության տրամադրում՝ խնդրելով այնտեղ աշխատանքի ընդունել իրենց մոտ հաշվառված խուլերին։ ՀԿ-ում հաշվառված է 1500 խուլ, և նրանցից միայն 24-ն է աշխատում իրենց գրասենյակում։
«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի շահերի պաշտպան Արթուր Մկրտչյանը մեզ հետ զրույցում հատնեց, որ երեկ մի խումբ խուլեր, որոնք հավաքվել էին ՀԿ-ի շենքի դիմաց, ծեծել են ՀԿ-ի աշխատակից Վահե Ալավերդյանին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով, և այս պահին գործի առթիվ ոստիկանությունում քննություն է ընթանում։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Գրիգոր Գրիգորյանը երկու տարվա փոխարեն պաշտոնավարել է չորս տարի, պարզաբանում է, որ ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություն է կատարվել, որի համաձայն` ՀԿ նախագահների պաշտոնավարումը 2-4 տարի է դարձել։ Գրիգոր Գրիգորյանի պարագայում ևս խուլերի ընտրած նախագահության անդամները հաստատել են այդ փոփոխությունը։
Հաշվի առնելով ՀԿ-ին առնչվող երեք դատական գործընթացները` փաստաբանը համարում է, որ տեղի ունեցող բողոքի ակցիաները խոչընդոտում են դրանց։
«Երեք դատական նիստ այս պահին ընթանում է։ Մի խումբ խուլեր բողոքել են՝ պահանջելով անվավեր ճանաչել Գրիգոր Գրիգորյանի պաշտոնավարման չորս տարի ժամկետը։ Հաջորդ դատական նիստը Անդրանիկ Գրիգորյանի կողմից ներկացված բողոքի հիման վրա է։ Նա գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել։ Պահանջում է 30 մլն դրամից ավել գումար, որը ՀԿ-ին է տվել 15 տարի առաջ, այնուհետ հավելավճարներով հետ ստացել։ Սակայն, այս պահին բողոք է ներկայացրել՝ պահանջելով նշված գումարը։ Երրորդ դատական նիստը աշխատանքային պայմանագրի մասին է, որով ՀԿ-ի հավաքարարի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ազատվել էր աշխատանքից և դիմել դատարան»,-նշում է փաստաբանը։
Այսօր կայացած բողոքի ակցիային հնչած այն մեղադրաքներին ի պատասխան, թե Գրիգոր Գրրիգորյանը վաճառել է խուլերի մշակույթի և սպորտի պալատի շենքը, Մկրտչյանը պարզաբանում է, որ մի խումբ խուլ ու համրերի և նրանց փաստաբանին ներկայացվել են այդ շենքի փատաթղթերը, սակայն, փաստաբանի պնդմամբ, որոշ մարդիկ ոչ իրավական ճանապարհով փորձում են ինչ-որ նպատակներ իրականացնել։
Մեր կողմից նշենք, որ «Հայաստանի խուլերի միավորում»-ը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, եւ կառավարությունը որեւէ կերպ իրավասու չէ միջամտել ՀԿ-ի գործունեությանը կամ դրան առնչվող դատական գործերին:
Տեսանյութը եւ լուսանկարները` Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանել