Սակավամարդ Արցախն ու սիրիահայերը
Ընկերս՝ Ալեքսանդր Քանանյանը, առաջարկում է Երևանի կենտրոնում գտնվող և Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող քառահարկ շենքը վաճառել և այդ գումարներով սիրիահայերի համար Արաքսի հովտում մի գյուղ կառուցել: Շենքն Արցախ կոմիտեի և ԼՂՀ ներկայացուցչության նախկին շենքն է, Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկին մոտ և, ենթադրվում է, բարձր շուկայական արժեքով: Ալեքսը Քարվաճառի բնակիչ է այս բնակավայրի վերաբնակեցման հենց սկզբից և շատ լավ է հասկանում բնակեցման արժեքը: Բնակչության խրոնիկ պակաս զգացող Արցախի որոշում ընդունողները նույնպես, կարծես թե, պետք է զգային բնակչությունն ավելացնելու կարիքը և ամեն քայլ ձեռնարկեին, որպեսզի գոյության խնդրի առջև կանգած սիրիահայության մի զգալի մասին գոնե տեղավորեին Արցախում: Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի, ՀՀ բյուջեներով, բարեգործական հիմնադրամների միջոցներով, սփյուռքահայության հաշվին լուրջ ծրագրեր իրականացվեին Արցախում՝ սիրիահայերին ընդունելու հետ կապված: Արցախում հանգրվանած 2-3 տասնյակ ընտանիքը բավականին փոքր թիվ է Սիրիայից հեռացած մեր հայրենակիցների թվի համեմատ: Եթե ավելի համարձակ լինենք, ապա պետք է ամեն ինչ անեինք, որպեսզի ոչ միայն հայերին, այլ ասենք դավանաբանական առումով մեզ հարազատ ասորիներին նույնպես ընդունեինք Արցախում:
Մեր հարևանությամբ ժամանակ առ ժամանակ պայթում են բազմազգ երկրներ, այնտեղ բնակվող հայությունը համալրում է Շվեդիայի, Կանադայի և այլ երկրների բնակչությունը, իսկ մենք սահամանափակվում ենք հայահավաքության մասին կենացային ելույթներով: Շահումյանի շրջանը (կենտրոնը՝ Քարվաճառ), որտեղ բնակվում է Ալեքսանդր Քանանյանը, սկսեց բնակեցվել 1998-99թթ.-ից, երբ որոշվեց Արցախի բյուջեի 3-4 տոկոսը հատկացնել այդ նպատակի համար: Դրան գումարած` Պաշտպանության բանակը որոշեց տարեկան մեկ գյուղ կառուցել այդ պաշտպանական առումով կարևորագույն շրջանում. առաջին ու միակ գյուղը դարձավ Նոր Գետաշենը: Իսկ 1998-2000թթ. հատկացրած գումարներով կառուցված տները կազմում են Շահումյանի շրջանի բնակֆոնդի հիմնական մասը: 2000թ. Արցախում տեղի ունեցած փոփոխություններն անդրադարձան նաև Շահումյանի շրջանի վերաբնակեցման ծրագրի վրա, տեմպերը կտրուկ դանդաղեցին, ապա դադարեցին:
2015թ. նոյեմբեր-դեկտեմբերին, Արցախի 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ ես առաջարկեցի տարեկան հստակ գումար հատկացնել Քարվաճառում պայմանագրային զինծառայողների համար բնակարանների կառուցման համար: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին բնակարանով ապահովելով՝ մենք կկրկնապատկեինք Քարվաճառի բնակչության թիվը, զինծառայողների ու նրանց ընտանիքների հաշվին կմեծանար քաղաքի տնտեսական ակտիվությունը, դպրոցը և հանրային այլ հաստատություններ կաշխատեին օպտիմալ ձևով, մարտական հերթապահությունից ազատ ժամանակը զինվորականները կօգտագործեին քաղաքի կենսագործունեության համար, ի վերջո նրանց ստացած բարձր աշխատավարձը հնարավորություն կտար որոշակի տնտեսական ակտիվություն ապահովել: Առաջարկը մերժվեց կառավարության կողմից, նախագահը նույնպես դեմ էր դրան:
Արցախում վերաբնակեցման ձախողումը մեծապես պայմանավորված է նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշմամբ: Նա գտնում է, որ մինչև չապահովի եղած բնակչության կարիքները, «դրսից» բնակչություն պետք չէ ներգրավել: Այս դիրքորոշումը ճակատագրական է եղել վերջին 10 տարիների բնակեցման ծրագրերի վրա, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը մի քանի տասնյակ հազարով պակաս է խորհրդային ժամանակների ԼՂԻՄ-ի բնակչությունից` թեև տարածքը մեծացել է 2.5 անգամ: Բնակեցման հարցի վերաբերյալ Արցախի իշխանությունների նման դիրքորոշումը տիպիկ տոտալիտար մտածելակերպի հետևանք է, որի հիմքում դրված է սուղ ռեսուրսներով բանկչության ապահովման խնդիրը: Կոպիտ ասած` 85-90 մլրդ դրամ բյուջեն նախատեսված է 150 հազար անձի համար, և նոր անձի հայտնվելն արդեն խնդիր է: Այսինքն մարդը չի դիտվում որպես բարիք ստեղծող, ազգային հարստություն ստեղծող սուբյեկտ, այլ դիտվում է պետության կողմից եկամուտով ապահովման օբյեկտ:
Ճանաչելով Արցախի որոշում ընդունողներին ու իմանալով նրանց որակները` կարող եմ վստահ լինել, որ Ալեքսանդր Քանանյանի առաջարկը կմնա օդում կախված: Խնդիրը բոլորովին կոնկրետ շենքի վաճառքին չի վերաբերվում, այլ՝ սիրիահայերին Արցախում ընդունելու, նրանց Արցախի կյանքին ինտեգրելու հարցերին: Սրան զուգահեռ` Արցախի բնակչության սակավությունը մնում է լուրջ մարտահրավեր թե՛ Հայրենիքի մեր այս հատվածի կենսագործունեության, թե՛ պաշտպանության, թե՛ այլ հարցերի տեսանկյունից:
Հայկ Խանումյան
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել