HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում կկազմեն առաջիկա 9 տարիների զարգացման ծրագիրը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզում մեկնարկել են տարածաշրջանի 2017-2025թթ.   զարգացման ռազմավարական ծրագրի կազմման աշխատանքները:

«Մեր մարզի զարգացման հիմքում լինելու է հենց այս փաստաթուղթը: Սա ամենակարևոր ու պատասխանատու փաստաթուղթն է լինելու այս տարիների ընթացքում: Եվ շատ կարևոր է, որ բարի ցանկությունների ու երազանքների ծրագրեր չներկայացվեն, այլ իրատեսական ծրագրեր»,- այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Ռազմավարության մշակման աշխատանքները սկսելու համար նախատեսվում է  ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն տարբեր ոլորտների մասնագետներ:

Լոռու մարզպետարանի զարգացման, ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի խոսքով՝ մարզի ադմինիստրատիվ աշխատողներից զատ նախատեսվում է աշխատանքային խմբում ընդգրկել նաև բիզնես ոլորտի ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին:

«Ինձ հետաքրքիր է, թե հասարակական կազմակերպությունները, տնտեսվարողները ի՞նչ սկզբունքով պետք է մասնակցեն այս պրոցեսին, որովհետև ճիշտ չի լինի, որ մենք առանց իրենց մշակենք մարզի զարգացման ծրագիրը: Ունենք շատ լավ մասնագետներ, որոնք կարող են մասնակցել այս պրոցեսին: Մենք ի վիճակի ենք այդ մարդկանց այս պրոցեսի մեջ ներգրավել, թե՝ ոչ»,- հետաքրքրվեց մարզպետը:

Բաժնի պետ Հ. Մկրտչյանի արձագանքը՝ պետք է ներգրավենք, մարզպետին չբավարարեց:

Վերջինս նկատեց՝ մարդիկ չեն հավատում, որ ինչ-որ բան փոխվելու է:

«Եկեք անկեղծ լինենք: Մարդիկ, հատկապես տնտեսվարողները, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, հավատն ու հույսը կորցրել են:Եթե խիստ հանձնարարական կա, հրավիրում ենք, գալիս են, բայց նրանց դեմքերից դու զգում ես, որ մարդը չի հավատում, որ ինչ-որ բան է փոխվելու»,- ասաց Ա. Նալբանդյանը:

Փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանը նշեց՝ պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որ իրենց ոլորտներում գիտակ մարդիկ ներգրավվեն:

 «Այնպիսի մարդկանց ենք նախատեսել, որոնք իրականում մեզ կօգնեն… Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ մարդիկ գան այս դաշտ ու փորձենք իրենց աշխատեցնենք: Ոչ թե ուղղակի բերենք, որ հետո ասենք՝ այս սեկտորը ներգրավված է եղել, այլ բերենք աշխատեցնենք…»,- նշեց փոխմարզպետը:

Մարզպետի դիտարկմամբ՝ հարկ կլինի բացատրական աշխատանք տանել, որպեսզի մարդիկ ցանկանան ու պատասխանատվության զգացումով մասնակցեն մարզի զարգացման ծրագրի կազմման աշխատանքներին:

«Մարդը պետք է զգա, որ պատասխանատվություն է կրելու 2017-2025թթ. ռազմավարության մշակման համար, որ 2025թ. պետք է ասի՝ ինչ լավ աշխատեցինք, այլ ոչ թե ասի՝ ես ինչ կապ ունեի դրա հետ, պետք է մարդկային ճիշտ ռեսուրս գտնենք,- ասաց մարզպետը,- պետք է աշխատենք բերել այդ մարդկանց, համոզենք, խնդրենք, բացատրենք, հասկացնենք, որ սա մարզի զարգացման ամենակարևոր փաստաթուղթն է լինելու մինչև 2025-ը»:

Փետրվարին նախատեսվում է իրականացնել զարգացման ծրագրի ամբողջական փաթեթի քննարկում, որից հետո այն կներկայացվի փետրվարյան մարզխորհրդի նիստին:

Մարտին ծրագրի նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանն ու հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter