HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնարարականներ` դպրոցների տնօրենների ընտրության, մարզական ՀԿ-ների ֆինանսավորման և այլ հարցերի մասին

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության կայքը նշում է, որ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

«Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,- նշել է Կարապետյանը:

Հանձնարարվել է նաև գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: «Ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որն ապահովել է կամուրջներ և կապեր բոլոր դպրոցների հետ: Ցավոք սրտի, այս պահին այդ հնարավորությունները էֆեկտիվ չենք օգտագործում: Կառավարության ծրագրի մեջ հստակ ձևակերպել ենք, որ բոլոր համայնքների դպրոցներն այդ հնարավորությունն ունենան. որտեղ ուսուցիչների պակաս կա՝ հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,- ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Կարապետյանը հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ: 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներն ըստ այդ միջոցառումների վերաբաշխելու վերաբերյալ առաջարկություններ. «Կարծում եմ, որ հասկանալի է՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը մեր առօրյա կյանքում անընդհատ պետք է զգանք, որ ամեն օր այդ ուղղությամբ քայլ ենք կատարել: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր կներկայացնենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճ»,- նշել է վարչապետը : 

Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մամուլի հետ աշխատել առավելագույնս բաց և թափանցիկ՝ պարբերաբար հասարակությանը տեղեկացնելով կատարված աշխատանքների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter