Գառնիում լայնածավալ պեղումներ հնարավոր կլինի սկսել միայն լաբորատոր ուսումնասիրության եզրակացության հիման վրա
Մետաքսե Պետրոսյան
Օրերս Գառնիի հեթանոսական տաճարից դեպի հյուսիս-արեւելք գնվող մասնավոր հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում հայտնաբերվել էին չորս մեծ կարասներ: Մամուլն արդեն տեղեկացրել է, որ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակիցները դրանցից երկուսը տեափոխել են ինստիտուտի լաբորատորիա` փորձաքննություն կատարելու նպատակով։
Տեղափոխման աշխատանքներին մասնակցած հնագետ Արման Նալբանդյանը տեղեկացրեց, որ կարասները պատկանում են զարգացած միջնադարին՝ 12-13-րդ դարեր։ Նրանք ունեցել են տնտեսական նշանակություն եւ ըստ ամենայնի, դրանց մեջ հացահատիկ է պահվել։ Նրա ասելով` նախնական եզրակացության համար հիմք է ծառայում մի քանի հանգամանք, որոնցից մեկն այն է, որ կարասների բերաններն ամուր փակված չեն կափարիչներով, ինչպես դա կարվեր գինու կարասների դեպքում, այլ՝ ծածկված են քարե սալերով։ Կարասներում կար հողի նստվածք, որի լաբորատոր քննությունն էլ կտա հիմնական հարցերի պատասխանը։
«Եզրակացության համար հստակ ժամանակացույց դժվար է կանխատեսել, օրենքը մինչեւ երեք տարի ժամանակ է նախատեսում հնագիտական նյութն ուսումնասիրելու համար։ Լայնամասշտաբ պեղումներ սկսելու որոշում կարող է լինել միայն այս ուսումնասիրությունների եզրակացության հիման վրա»,- պարզաբանեց Արման Նալբանդյանը։ Նա տեղեկացրեց, որ տարածքում հայնաբերվել են նաեւ տարբեր խեցեղենի բեկորներ, իսկ մյուս երկու կարասները տեղում են եւ դարձյալ ծածկվել են հողի շերտով, քանի որ չեն խանգարում շինարարական աշխատանքներին։
Կարասների հայտնաբերումն անակնկալի է բերել հողի սեփականատերերին։ Տկն. Էմման ասում է, որ բացի այն, որ անընդհատ տարբեր լրատվամիջոցներ են այցելում եւ փորձում պարզաբանում ստանալ հնագիտական նյութի վերաբերյալ, նաեւ շրջապատից են անընդհատ հարցադրումներ լինում, թե իրականում ինչ է եղել կարասներում կամ պետությունն իրենց բաժին կհատկացնի՞ գտածոյից։
«Անկեղծ ասեմ, որ երեսուն տարուց ավելի է, ինչ ապրում եմ այս տանը, բայց մինչ օրս, ո'չ հողը փորելիս, ո'չ ծառ տնկելիս մեզ ոչինչ չի հանդիպել։ Մեզ համար եւս սա անակնկալ էր»,- անկեղծ ու անմիջական ժպիտով ասում է տանտիրուհին։
Առհասարակ, Գառնիի հեթանոսական տաճարի ու նրան հարակից տարածքներում, տարբեր ժամանակաշրջաններում արված պեղումների ընթացքում նմանատիպ տնտեսական նշանակության գտածոներ միշտ հայտնաբերվել են, քանի որ այս տարածքը եղել է ամենախիտ բնակեցվածը բնակավայրի գոյության օրից մինչեւ 17-րդ դարի ավերիչ երկրաշարժը։ Նշենք, որ խեցեգործությունն այստեղ մեծ զարգացում է ապրել հենց միջնադարում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել