Նախարարները քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի տնտեսական հարաբերությունները ընդլայնելու հարցը
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային:
ՏԶՆ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կարայանը համառոտ ներկայացրել է նախարարության գործունեությունը, անդրադարձել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշներին, որոնք, նախարարի խոսքով, ներկայում ցածր են, սակայն կա ներուժ և անհրաժեշտություն դրանք նոր մակարդակի հասցնելու համար:
«Կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարող ենք սերտորեն համագործակցել` թեթև արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գորգագործություն, մի շարք այլ ուղղություններով ևս, և ներկայում կա լավ հնարավորություն նախանշելու փոխգործակցության ուղիներն ու համապատասխան աշխատանքներն ինտենսիվորեն սկսելու համար»,- նշել է նախարար Կարայանը:
Նախարար Բոբոզոդան անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը և այդ աշխատանքներին թափ հաղորդելու համար` աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ուղղություններով փոխգործակցության իրականացմանը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են արտահանման և ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների խնդիրներին, Հայաստանի հնարավորությունները դեպի ԵՄ և Իրանի շուկաներ օգտագործելու, հայկական արտադրանքը Տաջիկստան և ասիական շուկաներ արտահանելու հարցերին:
Նույն օրը երկու երկրների նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Հաշվի առնելով հայ-տաջիկական երկկողմ առևտրի, տնտեսական հարաբերությունների և սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական քայլեր մշակել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, առևտրային խոչընդոտների վերացման և մի շարք այլ հարցերում:
Հուշագրի ստորագրումից հետո Սուրեն Կարայանը և Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես տեքստիլ արտադրության և գորգագործական ընկերություններ, ծանոթացել վերջիններիս գործունեությանն ու քննարկել այդ ոլորտներում փոխշահավետ գործացկության հնարավորությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել