HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը համամիտ չէ նախկին քաղաքապետի հետ

Բնապահպանները շարունակում են ահազանգել, որ Երևանի կենտրոնի կանաչ տարածքները պատշաճ չեն պահպանում, ոմանց «թեթև» ձեռքով ոչնչացվում են: Որպես համայնքի ղեկավար` ի՞նչ խնդիր եք տեսնում այստեղ:

Ես կարծում եմ` վաղուց արդեն չկա այն խնդիրը, որ քաղաքի կենտրոնում կանաչ գոտիներ են ոչնչացվում: Ինչ որ կա, մենք պահպանում ենք, ավելացնում ենք նոր կանաչ տարածքներ: Ես չգիտեմ` գուցե մի քանի տարի առաջվա խնդիր եք բարձրացնում, բայց հիմա այդ խնդիրը չկա:

Ասում եք` խնդիր չկա, բայց օրերս դարձյալ ահազանգ ստացվեց. Տերյան 62 հասցեում առողջ ծառեր հատվեցին: Դա՞ էլ կժխտեք:

- Տերյան փողոցում հիմա մենք տեսնում ենք, որ ծառերը շարժվում են, արմատային համակարգը թուլանում է, այդպես էլ է լինում: Համապատասխան մասնագետների եզրակացությունից հետո, բնականաբար, այդ ծառերը պետք է տեղափոխվեն, ավելի շուտ` ոչ թե տեղափոխվեն, այլ կտրվեն: Իհարկե, դրանց տեղում պետք է տնկել նոր ծառեր: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, կտեսնենք, որ հենց Կենտրոնում ինչքան ծաղկապատ ու գազոնային տարածքներ են ավելացել: Չգիտեմ` ինչ ցանկություն պետք է ունենաք, որ չտեսնեք դա:

Կենտրոնում շարունակում է չլուծվող խնդիր մնալ նաև աղբահանությունը: Ի՞նչն է խանգարում նորմալ աղբահանության իրականացմանը:

- Երբ որ մարդկանց մեջ վերանա փնթիությունը, իսկ ծառայություններն ավելի ուշադիր աշխատեն, այդ խնդիրը չի լինի: Բայց մենք աշխատում ենք, թեև բոլորը չեն հետևում մաքրությանը: Ո՞վ է կեղտոտում. բնակչությունը, չէ՞: Եթե աղբամանը դրված է, բայց մարդը գալիս է և աղբը գցում ոչ թե աղբամանի մեջ, այլ կողքը, ո՞վ է մեղավոր: Մեկ-մեկ լրատվամիջոցները նկարում են այն աղբամանները, որոնք լիքն են: Ես կուզեի նրանց հարցնել` իրենց տան աղբի դույլը չի՞ լցվում, թե իրենք կեսից տանում թափում են: Ուրիշ բան է, եթե աղբամանը լցված մնա մի քանի օր: Բայց եթե աղբամանը կիսատ է, իսկ մարդիկ պահանջում են, որ աղբը թափվի, դա նշանակում է` այդ ծառայության համար միլիարդներ պետք է ծախսել, որ չկա:

Պարոն Գյանջումյան, Երևանի նախկին քաղաքապետի` կրպակների ապամոնտաժման որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց: Գործընթացն սկսվեց հենց Կենտրոն համայնքից: Կրպակատերերը Ձեզ` որպես համայնքի ղեկավարի, դիմե՞լ են իրենց խնդիրներով:

- Դա միայն Կենտրոնին չէր վերաբերում, այլ ամբողջ քաղաքին: Հիմնականում ապամոնտաժել ենք չգործող կրպակները: Իսկ որոնք օրենսդրական դաշտում չեն, դիմել ենք, որ օրինականացնեն: Ով հասկացել է, տեղափոխել է իր կրպակը, իսկ ով չի ընդունել, օրենքի համաձայն` դատական կարգով կփորձենք տեղափոխել կրպակները: Կա՛մ պետք է օրինականացվի, կա՛մ... Այսօր տեսնում ենք, որ քաղաքն ավելի մաքուր է դարձել, որ անճաշակ ու պրոբլեմային կրպակաշարերը վերացել են:

Բայց նաև հայտարարվեց, որ Աբովյան փողոցի մայթերի` հարուստներին պատկանող խանութներն էլ կքանդվեն: Ինչո՞ւ չեն քանդվում:

- Այդ բոլորը ծրագրում կա: Ե՛վ քաղաքի գլխավոր ճարտարապետը, և՛ համապատասխան ծառայություններն աշխատում են այդ ուղղությամբ:

Նախկին քաղաքապետը համոզված էր, որ «աղքատ մարդը Երևանի կենտրոնում կրպակ չի ունենա»: Դուք է՞լ եք այդպես կարծում. Կենտրոնում բոլորը հարո՞ւստ են:

- Չի կարելի ամեն ինչ ընդհանրացնել և բոլորին մի արշինով չափել: Միանշանակ, չի կարելի 100 տոկոսանոց կարծիք կազմել այդ մասին: Կա և՛ այսպես, և՛ այնպես:

Ամեն դեպքում, այդ հարցն ի շահ բնակիչների պետք է լուծել: Քաղաքը գեղեցիկ պահելը լավ է, բայց պետք է մտածել, որպեսզի սոցիալական նոր խնդիրներ չառաջանան:

 

Մեկնաբանություններ (1)

Suren
Ի՞նչն է խանգարում նորմալ աղբահանության իրականացմանը:ERB HASHVI HAMAROV GANDZEN ED GUMAR@ INCHPES JUR@ KAM ELEKTRAKANUTUN@ LAV KLINI,,,,BOSHI NMAN TNERIC POX EN HAVAKUM U CHGITES UM GRPANN A MTNUM,,,,KAXAKAPET@ ETE AZNIV E PITI LUCI ES HARC@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter