HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Ըստ հաղորդագրության` դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ այսօր վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ու ավտոտարը։ Նախնական տվյալներով` ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ։ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:

Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter