Երևանում մեկնարկած աշխատանքի տոնավաճառին ներկայացվել է 815 թափուր աշխատատեղ
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է աշխատանքի տոնավաճառ, որն այս անգամ Հանրապետության Հրապարակին կից պուրակում համախմբել էր 67 գործատուի, որոնք ներկայացրել են 815 առկա և 187 սպասվելիք աշխատատեղ: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Վերջին տարիներին զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները մասնակիցների քանակով ապացուցում են, որ դրանք սպասված են ոչ միայն հանրապետության տարբեր մարզերում, այլև Երևանում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
«Աշխատանքի տոնավաճառները հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ու աշխատանք փնտրողներին առանց ժամանակի ու տեխնիկական ավելորդ ռեսուրսներ վատնելու, հանդիպել պոտենցիալ գործատուներին՝ մեկ վայրում ստանալով միաժամանակ աշխատանքի մի քանի հետաքրքիր առաջարկ»,-նշել է նախարար Արտեմ Ասատրյանը՝ տոնավաճառում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Արտեմ Ասատրյանը ընդգծել է նման միջոցառումներում պետության դերի կարևորությունը. «Փաստորեն պետությունը միջնորդ է հանդիսանում, որպեսզի ավելի առարկայական դառնան գործատու և աշխատանք փնտրող հարաբերությունները և անուղղակիորեն երաշխավորում է, որ աշխատանք փնտրողը ունենա կայուն զբաղվածություն»:
Այնուհետև նախարարը շրջելով տոնավաճառի տարածքում՝ նկատել է, որ այս անգամ գործատուներին է միացել նաև կարի արտադրության ոլորտը, ինչը ուրախացնող փաստ է համարել: Նա մեկ առ մեկ մոտեցել է գործատուներին, հետաքրքրվել է նոր առաջարկների և տոնավաճառից ակնկալվող արդյունքների մասին: Ընթացքում նախարարին են մոտեցել երիտասարդ մասնագետներ, ովքեր ողջունելով տոնավաճառի գաղափարը, իրենց հավակնություներն ու սպասումներն են ներկայացրել նախարարին, ինչին նախարարն արձագանքել է, որ արված առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա տոնավաճառների կազմակերպման ժամանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել