ԳԱԼԱ կուսակցության անդամներն ամփոփում են Գյումրում ընտրությունները
ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Արմենուհի Վարդանյանը կարծում է, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում դարձյալ կիրառվեց ընտրակեղծիքների հին ու արդեն կիրաված «զամբյուղը»։
Ընտրությունների օրը կուսակցությունը բազմաթիվ խախտումներ, արձանագրություններ, փաստեր է հավաքել, որոնք, ըստ իրենց, վկայում են այն մասին, որ կեղծիքներն ընտրությունների արդյունքների վրա զգալի ազդեցություն են թողել։ Այս պահին ևս, կուսակցությունը շարունակում է ամբողջացնել այդ տվյալները։
Ըստ ավագանու թեկնածուի՝ հոկտեմբերի 12-ին Գալան դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի 205Ա և 206Ա որոշումները։ «Այս ընտրություններին անգամ մեկ քվեի գողությունը, մեկ քվեի կեղծումն ազդեցություն է թողել։ Դուք գիտեք, որ որոշ կուսակցությունների՝ վեց տոկոսի շեմը հաղթահարելու համար ընդամենը մի քանի ձայն էր պակասում։ Եվ եթե այս կամ այն կուսակցությունը հաղթահարում էր այդ 6 տոկոսի շեմը, դա փոխում էր որակ, վերջին հաշվով, փոխում էր իշխանություն։ Ուստի, ամեն ինչ արվեց, որպեսզի լինեն այն արդյունքները, որը եղան»,-նշում է Արմենուհի Վարդանյանը։
ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը հավելում է, որ հսկողություն իրականացրած 82 տեղամասերից 90 տոկոսում արձանագրել են խախտումներ, մասնավորապես, մեծամասամբ քվեաթերթիկների և ծրարների թվաքանակը չի համընկել միմյանց։ Նաև արձանագրել են դեպք, երբ ծրար է դուրս բերվել ընտրատեղամասից և միայն վստահված անձի բարձրացրած աղմուկից հետո այն ետ է վերադարձվել։
Մկրտչյանը կարծում է, որ այս անգամ ընտրակեղծարարները իրենց տեխնոլոգիան փոխել են, քանի որ 2013-ի ընտրությունների ժամանակ նրանք կարողացել են միկրոավտոբուսի մեջ բաժանվող ընտրակաշառքը նկարահանել, իսկ այս անգամ, իր տեղեկություններով, սեփական տներում են ընտրակաշառք բաժանել։
«Մեր ակտիվի հետ աշխատելով՝ փորձել էինք ընտրացուցակները «մաքրել»՝ ներկա-բացակա անելով։ Իսկապես այն իր արդյունքն ունեցավ։ Նվազեցին նաև կրկնաքվերակության դեպքերը։ Մեր վստահված անձիք ընդամենը մի քանի դեպք են արձանագրել։ Իմ կարծիքով՝ այս մեթոդը կանխեց լցոնումները»,-նշում է նա։
ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Էդուարդ Մխիթարյան ևս այն կարծիքին է, որ ընտրակաշառք բաժանվելու գործընթացը նկարահանելը բարդ է եղել, քանի որ գումար բաժանող մարդիկ քաջատեղյակ էին, որ ընտրատեղամասերի ներսում հսկողությունը խիստ է լինելու, այդ պատճառով այն բաժանել են բակային, ընտրատեղամասերի մոտակա տարածքներում։ Ըստ նրա՝ այս անգամ կիրառվել է մեքենաներով տեղափոխելու, տնակներում ընտրակաշառք բաժանելու մեթոդը։
Մխիթարյանը ԳԱԼԱ-ի 6 տոկոսի շեմը հաղթահարելու հանգամանքը համարում է հաղթանակ, բայցեւ՝ մասնակի։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել