
Չինացի մասնագետ. «Դեպի Չինաստան հայկական գինու արտահանմանավելացման հարցը պետք է լավ ուսումնասիրվի»
«Չինաստանն այսօր ընդարձակվող ու զարգացող շուկա է, ինչից կարող են շահել հայ-չինական տնտեսական կապերը, մասնավորապես առևտրի ոլորտում: Որպեսզի Հայաստանը կարողանա մեծացնել արտահանման ծավալները դեպի Չինաստան, պետք է դեմառդեմ շփումներ ու ուսումնասիրություններ լինեն` հասկանալու թե Չինաստանի սպառողն այսօր ինչի կարիք ունի և հատկապես որ ապրանքների մասով հայկական կողմը կարող է ավելացնել արտահանումը»,- այս մասին այսօր «Հետք»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, Չինաստանի եվրոպական ուսումնասիրությունների կազմակերպության փոխնախագահ Սյու Մինգ-Չին:
Նա ևս այսօր մասնակցում էր Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին:
Չինացի մասնագետը շեշտեց, որ ներկայում չինական շուկայում պահանջարկն աճում է բազմատեսակ ապրանքների գծով, ինչը լայն հնարավորություն է տալիս թե Հայաստանին, թե այլ երկրների գտնել այն ապրանքախումբը, որը կարող են առաջարկել:
Հայկական ապրանքների ցանկում նա առանձնացրեց գինին և նկատեց, ապրանքների շարքում առաջնային շեշտը կարելի է դնել գինու վրա: «Մենք գիտենք, որ Հայաստանում լավ գինի է արտադրվում: Չինաստանն այսօր մեծ քանակությամբ գինի է ներմուծում Չիլիից, Ավստրալիայից և այլ երկրներից: Իսկ Հայաստանի պարագայում քանակը մեծ չէ: Դեպի Չինաստան հայկական գինու արտահանման ավելացման հարցը պետք է լավ ուսումնասիրվի »,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է ներդրումային ոլորտում համագործակցությանն, ապա մեզ հետ զրույցում Սյու Մինգ-Չին նախևառաջ առանձնացրեց Հայաստանի գյուղատնտեսության, արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտները, որոնք առավել հետաքրքիր են չինական կողմին ներդրումներ կատարելու համար:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ չինացի փորձագետը նաև կարևորեց Հայաստանի դերը Ասիան և Եվրոպան կապող «Մետաքսի ճանապարհի» հարցում: Ըստ նրա` այստեղ Հայաստանը կարող է ռազմավարական նշանակություն ձեռք բերել:
«Կարծում եմ, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն համագործակցության շատ երկար պատմություն։ Վերջին ժամանակներում Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցությունը զարգանում է։ Համագործակցական կապերը բավականին ամրացել են։ Եվ այստեղ Հայաստանի դերը կարևոր է»,- ասաց նա:
Մեկնաբանել