HY RU EN

Ավարտվեց «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը

Երեկ՝ հոկտեմբերի 13-ի  երեկոյան, Ալավերդու Ս․Սարահարթ թաղամասի մշակույթի պալատում ամփոփվեց «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային  փառատոնը:

«Կարևորն այն է, որ այս փառատոնը Հայաստանի ամենահին փառատոնն է և միշտ շարունակում է իր կյանքը»,- փառատոնի իր փակման խոսքում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Վերջինս փառատոնի երկարակեցության գործում հատկապես կարևորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ջանքերը:

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնն  իմ տպավորությամբ գերազանց էր կազմակերպված: Լոռվա բնաշխարհը արժանի է մեծարման՝ նման պատասխանատու և պատվաբեր փառատոն կազմակերպելու և մեր հանդիսատեսին մատուցելու համար: Ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Ալավերդիում և Վանաձորում»,- «Հետքին» ասաց ՀՀ  ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը:                                                                         Թատերական գործիչների միության խմբագիր Յաշա Չախոյանը մեզ հետ զրույցում նշեց , որ այս տարվա փառատոնից  ավելի մեծ սպասելիքներ է ունեցել. «Եղան տարբեր ներկայացումներ, լավի կողքին կար միջակը: Բայց, իհարկե, լավը գերազանցեց՝ իր քանակի և որակի առումով: Ընդհանրապես շատ լավ անցավ փառատոնը»,- նշեց Յ. Չախոյանը:

Թատերագետ և մշակութաբան, փառատոնի գլխավոր համակարգող և խմբագիր Նվարդ Ասատրյանի խոսքով՝  փառատոնը շատ դժվար կայացած թատերական տոն էր, հիմնականում ֆինանսական դժվարությունների պատճառով, որոնց հետագայում գումարվեցին նաև մարզի մշակութային դահլիճների տեխնիկական հագեցվածության և խեղճության խնդիրները: «Հրաշալի թատերախմբեր ունեինք, որոնք բերելու էին շքեղագույն ներկայացումներ, բայց նույնիսկ Վանաձորի պետակն թատրոնի բեմը շատերին չհամապատասխանեց»,-ասաց տիկին Ասատրյանը: Նրա խոսքով, 23-րդ փառատոնը ամրապնդեց «Թատերական Լոռի» փառատոնի միջազգային կարգավիճակը:

Փառատոնին տարբեր երկրներից մասնակցել են 6 թատերախմբեր, այդ թվում Ճապոնիայից, Պարսկաստանից, Վրաստանից և Հյուսիսային Օսիայից: «Շատ դժվարությամբ ստեղծվեց, նույնիսկ հավատս չի գալիս, որ ամեն ինչ իրականացավ, ու համարյա որևէ շեղում, որևէ բացթողում չունեցանք»,-ասաց Ն. Ասատրյանը: Վերջինիս  տեղեկացմամբ, հրավիված 14 թատերախմբերից միայն մեկը՝ Մոսկվայի կամերային երիտասարդական թատրոնը, չի կարողացել մասնակցել  փառատոնին՝ գլխավոր բեմադրիչի սիրտը վիրահատելու պատճառով: «Հրաշալի են ընդունում բեմադրությունները: Առաջին ներկայացումից սկսած՝ զարմացել էին, թե ալավերդցի հանդիսատեսն ինչպես ընկալեց ներկայացումը, ինչպես ճիշտ տեղերում արձագանքեց բեմադրիչի հնարքներին: Նույնիսկ Վահե Շահվերդյանը, երբ Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասի մշակույթի պալատում բեմադրեց Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիքը», զարմացած էր, որ ալավերդցի փոքրիկ երեխաները ոչ միայն չխանգարեցին, այլև մինչև վերջ ուշադիր դիտում ու գեղագիտական հաճույք էին ստանում ներկայացումից: Կարծում եմ դա շատ կարևոր է և այդ երևույթը  պետք է ապրեցնել ու պահպանել»,- ասաց Ն. Ասատրյանը:

«Մենք շատ շնորհակալ ենք փառատոնի կազմակերպիչներից հրավերքի համար: Մենք հաճույքով ենք եկել ձեզ մոտ, որովհետև Հայաստանը մեզ համար հարազատ երկիր է: Մեզ կապում է ոչ միայն Վախթանգովը, ով ռեժիսորի առաջին քայլերը կատարել է Վլադիկավկազի հենց մեր թատրոնում: Ես փառատոնի ընթացքում ծանոթացա Ձեր հրաշալի վարպետի՝ Վահե Շահվերդյանի հետ, մենք համագործակցության պլաններ ենք մշակել: Հուսով եմ, որ դրանք կիրականանան»,-  ասաց ՌԴ-ի ժողովրդական  արտիստ Վլադիմիր Ուվարովը:

«Թատերական Լոռի» փառատոնի  հանձնախմբի որոշմամբ Կլոդ Մանյեի «Բլեզ» ներկայացման մեջ  Մարիի դերակատարման համար Վերջալույս Միրիջանյանի անվան «Կնոջ  դերի լավագույն կատարում» մրցանակը շնորհվեց դերասանուհի Տաթև Ղազարյանին:

Կարինե  Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման մեջ տղամարդու դերակատարման համար «Վլադիմիր Մսրյանի անվան  տղամարդու  դերի լավագույն  կատարում» մրցանակը ստացավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը:                  

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին տրվեց

«Թատրոնը երեխաների դաստիարակությանը լավագույնս ծառայեցնելու» մրցանակը: 

Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացման մեջ որդու, պապի, Առաքելի և բժշկի դերակատարումների համար «Վոլոդյա Գրիգորյանի անվան տղամարդու դերի լավագույն կատարում» մրցանակը ստացավ Արա Սարգսյանը:

Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» բեմադրության համար «Փառատոնի լավագույն ներկայացում» մրցանակը ստացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Նարինե Մալյանը:  

«Լավագույն երաժշտական ներկայացում» մրցանակը «Ճպուռիկի արկածները» ներկայացման համար շնորհվեց Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնին:

«Թատերաշինության գործում մեծ վաստակի, ծննդյան 70-ամյակի և  Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիքը» պիեսի պոետիկ մեկնաբանության համար մասնագիտական հանձնախմբի հատուկ մրցանակը շնորհվեց  ՀՀ ժողովրդական արտիստ Վահե  Շահվերդյանին:

Վլադիկավկազի Եվգենի Վախթանգովի անվան ռուսական ակադեմիական թատրոնին շնորհվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի անվան մրցանակ՝ Գալսերանի «Գրյոնհոլմի մեթոդը» ներկայացման համար (բեմադրությունը ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Ուվարովի) և Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» ներկայացման համար (բեմադրությունը՝ Հյուսիսային Օսիայի ժողովրդական արտիստ Վալերի Պոպովի)։

Թատերարվեստի  զարգացման  գործում  ունեցած մեծ վաստակի և Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման համար  Լոռու մարզպետի հատուկ մրցանակին արժանացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը:

«Թատերական Լոռի» 23-րդ փառատոնի աշխատանքերը  լավագույն ձևով կազմակերպելու համար քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կողմից պարգևատրվեց փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: Թատերախմբերին հանձնվեցին նաև այլ մրցանակներ: Հաջորդ «Թատերական Լոռի» փառատոնը տեղի կունենա 2018թ.-ի հոկտեմբերին: