HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը հավակնում է դառնալ «կովկասյան Սինգապուր». ԵԳՄՀ քննարկումներ

Մարինե Ստեփանյան

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը (ԵԳՄՀ) հոկտեմբերի 13-14-ը Երևանում է հյուրընկալել ԵԱՏՄ անդամ երկրների պետական պաշտոնյաների, խոշոր բիզնեսի, բանկերի, ներդրումային ընկերությունների, միջազգային հասարակական կազմակերպությունների ղեկավարների, փորձագետների և գիտնականների տարբեր երկրներից: Համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանի խոսքով՝ այժմ շուրջ 30 արտասահմանյան ընկերություն ուղիղ բանակցություններ է վարում ՀՀ կառավարության և տեղական ընկերությունների հետ:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակներում AERTC հետազոտական կենտրոնի էներգետիկ ծրագրի տնօրեն Սեմ Սաիդը, շնորհակալություն հայտնելով  իր ընկերոջը՝ Արա Աբրահամյանին, ԵԳՄՀ-ին մասնակցության հրավերի համար, նշեց, որ տնտեսական զարգացման վերաբերյալ նրա հայացքները ամբողջովին համապատասխանում են իրենց պատկերացումներին: «Եվրասիական տնտեսական միության զարգացումը պետք է սկսվի էներգետիկ զարգացումից: Էներգետիկան տնտեսական ցանկացած զարգացման կարևոր բաղադրիչն է: Էներգետիկ խնդիրները պետք է կարգավորվեն տնտեսական կայունության պայմաններում, ինչը ներառում է նաև էներգետիկ անվտանգությունը: Էներգետիկ անվտանգությունը պետք է խթան դառնա Եվրասիական տնտեսական միության անվտանգության համար, և ռեսուրսները, որ հասանելի են միության ներսում, շատ կարևոր են դրա տնտեսական աճի համար: ԵՏՄ-ն մեծ տնտեսական շուկա է, և էներգետիկայի ապահովումը պետք է լինի այն ուժային կառույցը, որի վրա կհիմնվի անդամ երկրների տնտեսությունը»,- ասաց փորձագետ Սաիդը, ով Հայաստանում էներգետիկ համակարգի ուսումնասիրություն է իրականացնում ավելի էժան էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման համար:

Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ Քսյու Մինգքիի խոսքով՝ վերջին տարիներին Չինաստանը ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցությանը: «Չինաստանի նախագահն առաջարկեց կառուցել նոր մետաքսի ճանապարհը, որի գլխավոր նպատակն է կապել Ասիան Եվրոպային: Իմ կարծիքով՝ եվրասիական երկրները շատ կարևոր դեր են խաղում այդ նպատակի իրականացման հարցում: Վերջին տարիներին Չինաստանը ստեղծել է երկկողմանի միջազգային գործընկերության բազում ծրագրեր Կենտրոնական Ասիայի երկրների հետ, և ներդրումները վերջին երկու տարիներին կտրուկ աճել են»,- նշեց չինացի մասնագետը՝ հավելելով, որ տարածաշրջանային համագործակցության համար Չինաստանը պատրաստ է ցանկացած ներդրում անել: Անդրադառնալով հայ-չինական համագործակցությանը՝  Քսյու Մինգքին նշեց, որ այն երկար տարիների պատմություն ունի: Մասնագետը կարևորեց տարածաշրջանում Հայաստանի ունեցած ռազմավարական նշանակությունը և Չինաստանի հետ երկկողմանի առևտրային փոխհարաբերությունները՝ նշելով, որ Չինաստանը մեծ շուկա է, և Հայաստանը պետք է մեծացնի իր արտահանումների քանակը դեպի չինական շուկա:

ԱՄՆ-ից ժամանած քաղաքագետ Դմիտրի Ռոդնիչևսկին, ով համաժողովին ներկայանում էր Հայաստան ժամանած արտերկրի փորձագետների և ներդրողների անունից, խոսեց Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների զարգացման կարևորության մասին: «Ստանալով հրավերը՝ մեր խումբը շատ տպավորված էր եվրասիական համագործակցության տարածքը «խելացի տարածաշրջանի» (smart region) վերածելու գաղափարով, որում ներառվելու են բոլոր անդամ երկրների վերջին նորարարությունները: Չկան խոչընդոտներ, որոնց պատճառով Եվրասիական տնտեսական միությունը չկարողանա շարժվել Եվրամիության զարգացման ճանապարհով՝ տեխնոլոգիաների, նորարարությունների առումով: Մենք նաև շատ տպավորվեցինք պարոն Արա Աբրահամյանի՝ Հայաստանի տնտեսական վերածննդի գաղափարով, որի համաձայն՝ Հայաստանը կարող է դառնալ բարձր տեխնոլոգիաների կենտրոնը տարածաշրջանում: Չկա որևէ խոչընդոտ, որի պատճառով Հայաստանը չի կարող դառնալ «կովկասյան Սինգապուր»»,-նշեց ամերիկացի մասնագետը՝ հավելելով, որ արտերկրի փորձագետները և ներդրողները հանդիպումներ են ունեցել և շատ տպավորված են հայ նորարար երիտասարդներով, ծրագրավորողներով և վստահ են, որ Արա Աբրահամյանի գաղափարը մեծ հաջողություն կունենա:

Լուսանկարը` PAN Photo-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter