HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը երազիս հայ ազգին ընդունել էին ՄԱԿ

Լեռ Կամսար

Գիշերը երազիս հայ ազգին ընդունել էին ՄԱԿ, բայց նիստերի դահլիճի բանալին ՄԱԿ-ի քարտուղար Համարշելդը[i] գրպանը դրած Կոնգո էր գնացել այնտեղի գործերը կարգավորելու, և դուռը մնացել էր փակ:

Է, հայ ազգն, առաջին անգամը լինելով՝ ՄԱԿ պիտի մտներ միջազգային հարցեր լուծելու, կարո՞ղ էր համբերել մինչև գնային Համարշելդից բանալին բերեին և դահլիճի դուռը բանային: Ո՛չ: Ուստի որպես փոքր պետություն ներս մտավ ՄԱԿ-ի պատուհանի նեղլիկ երկաթներից ու սկսեց տեղ գրավել իր բոլոր հատվածներով:

Նրա օրինակին հետևելով՝ մեծ պետություններն էլ աշխատեցին ներս սողալ, բայց չեղավ: Երբ վերջապես բանալին հասավ և դուռը բացվեց, ներս մտնող մեծ պետությունները տեսան, որ հանուր ազգերին հատկացված հարյուր աթոռներն արդեն բռնված էին…

- Ի՞նչ ազգեր են սրանք, - հարցրեց Անգլիան իր աթոռի մոտ կանգնելով:

- Սրանք միևնույն ազգի հարյուր հատվածներն են, - պատասխանեց մեկը:

- Ինչպե՞ս, - զարմացավ Մեծն Բրիտանիան, - սրանք մի նախահորից չե՞ն սերվել:

- Ճիշտ է, որ սրանց նախահայրը եղել է Հայկ Նահապետը, բայց Հայաստանը գտնվելով ազգերի ճանապարհների մեջտեղում, ամեն անցնող ազգ իր ազդեցությունն է թողել նրա բնավորության վրա, այդ պատճառով էլ ինչքան ազգ աշխարհում, այնքան բնավորություն և, հետևաբար, այնքան հայ Հայաստանում:

Պարզ ասած, հայ ազգը ծնված է մի հորից՝ բազմաթիվ մորերից:

- Այս հատվածներից յուրաքանչյուրն ունի՞ իր սեփական անունը:

- Բոլորը: Եվ անխառն: Դրանք են հայ դաշնակ, հայ հնչակ, հայ ռամկավար, հայ համայնավար, հայ կաթոլիկ, հայ բողոքական, հայ լուսավորչական և այլն, որոնք ժառանգորդն են նախնի նույնքան բազմաթիվ հայ նախարարությունների, որոնք են՝ Բագրատունիք, Սյունիք, Մամիկոնյաններ, Արծրունիք, Ռշտունիք, Խոռխոռունիք, Մանավաչյանք, Տայք և այլն:

- Սրանք իրենց օրում բնա՞վ հանդես չեն եկել որպես միաձուլ ազգ:

- Միայն կոտորածների ժամանակ…

Այն ժամանակ Անգլիան մոտեցավ մեկին և հարցրեց.

- Փոքրի՛կ, հատվածիդ անունն ի՞նչ է:

- Դաշնակ:

- Դաշնակ ջան, ել Հնչակի կողքը նստիր, ես իմ աթոռը գրավեմ:

- Ես ավելի լավ շուտ քո կողքը կնստեմ, քան հնչակի: Մեր մեջ կարող է որևէ համաձայնություն լինի, բայց Հնչակների հետ՝ երբե՛ք:

- Այն ժամանակ սխալվեցինք, երբ ձեզ ընդունեցինք ՄԱԿ, ինչու որ ՄԱԿ-ը ազգերի միություն է և ոչ՝ երկվություն:

Վերջը մեծ ազգերը տեսնելով, որ հայ հատվածներն անդրդվելի են իրենց համոզմունքների մեջ, ստիպված ամեն մեկը գոգն առնելով մի հատված, իրենց տեղերը նստեցին: Ու երբ մի հարց քվեարկության էր դրվում, քվեները հաշվելիս յուրաքանչյուր մեծ պետության քվեի վրա մի փոքր քվե էին ավելացնում՝ որպես «նորածնի» ձայն ․․․ Ինչպես առևտրում ասում են՝ այսքան դոլար, այսքան ցենթ:

-----------------------------------

 Ի՜նչ խայտառակ երազ…

 Լավ էր շուտ արթնացա: Ատոմային այս դարում, եթե մի քիչ էլ քնած մնայի, այս մեր փոքր ազգը երկրագունդը օդ կհաներ:

 Մինչև օրս, որ կենդանի ենք մնացել, այդ սովորական զենքով կռվելու հետևանքով է եղել միայն:

1961թ․անտիպ  

[i] Դագ Համարշելդ (1905-1961) – շվեդ քաղաքական գործիչ, դիվանագետ, տնտեսագետ, բանա­ստեղծ և գրող՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար էր 1953-1961թթ.-ին: Խաղաղության նոբելյան մրցա­նա­կի դափնեկիր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter