Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը
Արդարադատության նախարարությունում երեկ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը:
Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ողջունելով ներկաներին իր շնորհակալությունն է հայտնել ՀԿ-ներին՝ նախարարության հետ համագործակցելու և օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնելու համար: Վիգեն Քոչարյանը նշել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը դեռևս նախնական տարբերակն է և աշխատանքային խմբի մշակման առաջին արդյունքն է, որը պետք է քննարկվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկությունների, որոնք կարող են օգնել այս կամ այն դրույթի բարելավմանը, ինչպես նաև ցանկացած երկխոսության»,- նշել է Վ. Քոչարյանը:
Այնուհետև, ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են այն դիտարկումները և առաջարկությունները, որոնք ցանկանում են ներառել նախագծում: Վերջիններս նշել են, որ իրենք ևս ողջունում են, որ նման նախագիծ է մշակվել: ՀԿ անդամները նշել են նաև, որ իրենց հիմնական առաջարկությունները առաջիկայում մեկ փաթեթով կներկայացնեն աշխատանքային խմբին:
Հանդիպման ավարտին որոշվել է նախագծի վերջնական լրամշակումից հետո ևս մեկ հանդիպում ունենալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ արդյունքներն ամփոփելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել