HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանությունները չեն արձագանքում. «Շիրակ կենտրոնի» դրամահավաքը շարունակվում է` կուտակված հարկը վճարելու համար

Օգոստոսի վերջին «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պետեկամուտների կոմիտեից մոտ 5 մլն դրամ եկամտային հարկ վճարելու պահանջով գրություն էր ստացելԿոմիտեն հայտնել էր, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերված բնակարանների համար կենտրոնից եկամտային հարկ չի պահվել: Կազմակերպությունը պատասխանել էր, որ այդ բնակարանները ձեռք են բերվել Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար. կենտրոնը միայն գրանցել է դրանք իր անունով` հովանավորների պահանջով, և որևէ եկամուտ չի ունեցել: Միաժամանակ, կազմակերպությունը դրամահավաք էր կազմակերպել` գումարը հավաքելու համար:

Սեպտեմբերին «Շիրակ կենտրոն»-ը մեկ այլ հայտարարություն տարածեց, որով հայտնում է, որ դրամահավաքին արձագանքողներ են եղել, իսկ կենտրոնը նամակ է ուղարկել նաև կառավարության ղեկավար Կարեն Կարապետանին` տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով:

Այսօր կենտրոնը տեղեկացնում է, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին, այդ թվում` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, կազմակերպության անունից հղած խնդրանքներն ու դիմումները կամ մերժվեցին, կամ մնացին անպատասխան: Փոխարենը այլ ձեռք մեկնողներ են եղել.

«Բարեբախտաբար անպատասխան չմնաց «Շիրակ կենտրոնի» կոչը կազմակերպության իրական բարեկամներին ու գործընկերներին:

Հոկտեմբերի 14-ին, հարկային տեսչության կողմից տրված ժամանակացույցի վերջին պահին, վճարեցինք հարկայինի կողմից պահանջվող գումարի 14 տոկոսը՝  ներկա պահին հանգանակված 700.000 դրամը:

Պատկերացնում եք հարկայինին վճարեցինք... եկամտահարկ որպես գույքի օտարումից ստացված: Անշուշտ, ավելի մեծ անհեթեթ հարկային պարտավորություն «Շիրակ կենտրոնի» նկատմամբ կիրառել հնարավոր չէր պատկերացնել: Սակայն պարզվեց այսքան դաժան են հայաստանյան օրենքները:

Իհարկե մեզ համար շատ ծանր էր, երբ հարյուրավոր կարիքավոր մարդիկ, Շիրակի դաշտավայրին առանձնահատուկ ձմռան շեմին, սպասում են վառելափայտի, սննդամթերքի, անօթևան ընտանիքների երեխաներն էլ ձմռան տաք կոշիկի և հագուստի, մենք դրամահավաք ենք անում, որպեսզի փրկենք կարիքավոր հարյուրավոր ընտանիքների իրական բարեկամ ու աջակից կազմակերպությանը:

Անշուշտ մենք շարունակում ենք մեր ամենօրյա այցելությունները տնակային ավաններ և իրականացնում ենք անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման և մյուս բարեգործական ծրագրերը: Ինչևիցե ...

Անչափ երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և կազմակերպության համար դժվարին պահին կանգնեցին մեր կողքին:
«Շիրակ կենտրոնը» այսուհետ ոչ միայն անօթևան ու անօգնական մարդկանց է պատկանում, այլ բոլոր նրանց, ովքեր այս օրերին մեզ հետ են:

Իսկ իշխանություն կոչվածը, մեղմ ասած, մեզ համար այլևս գոյություն չունի, ինչպես չունի այն մարդկանց համար, ովքեր մեր ամենօրյա աջակցության կարիքն ունեն: Դրամահավաքի նվիրատուների և հանգանակված գումարների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով:

«Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադարձնելուն նպատակաուղղված դրամահավաք»»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter