HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յաղդան. Գյուղ, որտեղ մեծամասնություն կազմած հույներն այժմ փոքրամասնություն են

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի Յաղդան համայնքը հայտնի է որպես հունաբնակ: Այստեղ հույները հաստատվել են դեռ 18-րդ դարում, երբ Արևմտյան Հայաստանից տեղափոխված հույների մի մասը Ախթալայում հաստատվելու փոխարեն նախընտրել է Յաղդանը:

Համայնքապետ Արամ Ջանջուղազյանի խոսքով ժամանակին գյուղն ունեցել է 1000-ից ավելի բնակիչ: Հույների կողքին այդ տարիներին գյուղում ապրել է ընդամենը չորս հայ ընտանիք:

«Մելիքսեթյաններ, Աբովյաններ, Մնացականյաններ, Շիրմազանյաններ: Այդ 4 ընտանիքն է եղել, մնացածը հույներ են եղել»,- ասում է համայնքապետը:

Հայաստանում ազգային փոքրամասնություն կազմող հույները 2 դարից ավելի Յաղդանում մեծամասնություն են կազմել: Գյուղից նրանց արտահոսքն սկսվել է 1990-ականների սկզբին, երբ Հունաստանը հանդես է եկել հույներին շահագրգռող առաջարկներով: «Մութ ու խավար տարիներին, երբ Հունաստանում մեծ արտոնություններ տվեցին՝ սեփական տուն, աշխատանք, թոշակ, մարդիկ սկսեցին ակտիվորեն տեղափոխվել Հունաստան»,- պատմում է Ա. Ջանջուղազյանը:

Վերջին 25 տարվա ընթացքում Յաղդանում ապրող հույների թիվը կտրուկ նվազել է 1000-ից դառնալով 25: Գյուղում մնացել են տարեց հույները, որոնք ի վիճակի չեն տեղափոխվել Հունաստան ու նրանք, ովքեր չեն կարողացել կտրվել ծննդավայրի հող ու ջրից:

Ազգությամբ հույն Տանյա Արզիևայի երեխաներն ապրում են Հունաստանում: Միայնակ ապրող կինը չնայած առողջական խնդիրներին, չի ցանկացել մեկնել երեխաների մոտ: Տատի վերջին տարիների մենությունն այժմ սփոփում է նրան խնամելու համար Հունաստանից վերադարձած թոռը:

Երկու անգամ Հունաստան մեկնած Նինա տատը վերջին այցի ժամանակ կտրուկ որոշել է՝ ետ են վերադառնում Հայաստան, այլևս երբեք երկիրը չլքելու պայմանով:

«Գնացել էինք Հունաստան տուրիստ: 6 ամիս մնացինք, եկանք ու որոշեցինք՝ էլ չենք գնալու: Գնացել ուրիշի առաջին աշխատում էինք: Կարտոլ էինք հավաքում, բամբակ էինք հավաքում: Հետո ասի, վա՜յ, գլուխդ մեռնի, Նինա, խելքդ ո՞րդի ես թողել: Հայդե, վեր կացանք, եկանք,- պատմում է Նինա տատն ու ցույց տալիս տնամերձը,-20 տարի ա՝ ստեղ ենք, 7 բաղչա էինք բեջարում, կամաց կրճատել ենք: Ամեն ինչ պահել ենք, երեխանցը օգնել ենք, սովորել են, աշխատել են, հիմի էլ ամեքն իրանց նպատակին են հասել»:

Նինա տատի բոլոր հարազատները հիմա Հունաստանում են բնակվում: Յաղդանից հեռացած քույրը վերջերս հյուր է եկել, կարոտով շրջել իր թողած տանն ու հրաժեշտից առաջ Նինային ասել՝ երանի քեզ:

«Էն ժամանակ ասում էին՝ մնա, մի գնա, հիմի ասում են՝ երանի քեզ, ամենախելացին դու ես, որ մնացիր Յաղդանում»,- ժպտում է Նինա տատը:

Յաղդանի դպրոցում տարիներ շարունակ կողք կողքի սովորել են հայ ու հույն երեխաները:

«Հայ, հույն տարբերություն չկար: Գնում էինք դպրոց,բայց ասում չէինք թե՝ դու հայ ես, ի՞նչի ես եկել մեր դպրոց: Մի կորնի ենք, խաչապաշտ ենք, մենք հայ-հույնը չենք տարբերել»,- բացատրում է Նինա տատը:

Մինչև վերջերս Յաղդանի դպրոցում հուներենի խմբակ է գործել: Այժմ խմբակը չի գործում ուսուցանողի բացակայության  ու ֆինանսական խնդիրների պատճառով:

Տարբեր տարիներին Յաղդանից հեռացած հույները մինչ օրս գյուղի հետ կապը չեն կտրում: Գյուղապետի խոսքով՝ դատարկ մնացած 100-ից ավելի տները հեռացած հույներն առաջարկել են տրամադրել գյուղում բնակվել ցանկացողներին:

«Իրանք ցանկանում են, որ մարդիկ բնակվեն, տունը պահպանվի, շարքից դուրս չգա: Քամի կամ փոթորիկ է լինում, շիֆեր է քշում տանում, ապրողը գոնե տեղադրում է»:

Գյուղին պարբերաբար աջակցում են հունական համայնքի ներկայացուցիչները: «Հունական համայնքի տրամադրած ֆինանսական միջոցներով նախորդ տարի նորոգվել է գյուղի եկեղեցու տանիքը:Հույները  շարունակում են աջակցել ու կապը պահել: Մարդիկ գալիս են իրենց հարազատների գերեզմանները, գալիս են աշնանն իրենց բերքը տանում, մնացած հարազատներին են տեսակցում,- ասում է  գյուղապետն ու անկեղծանում,-ես էլ արմատներով հունական ծագում ունեմ, մայրական տատս հույն է եղել»:

Ա. Ջանջուղազյանի խոսքով Յաղդանն այժմ չի ընկալվում որպես հունական գյուղ: «Այսօր հույները քիչ են, կամաց-կամաց անտեսվում է  գյուղը որպես հունական համայնք, հիմա հիմնականում հայերով է բնակեցված», -նշում է նա:

Հույների կողմից դատարկ տներն անհատույց տրամադրելու շնորհիվ վերջին 4 տարիներին Հայաստանի ու Լեռայաին Ղարաբաղի տարբեր շրջաններից տեղափոխվել ու Յաղդանում հաստատվել է 20 ընտանիք: Արդյունքում դպրոցի աշակերտների թիվը կրկնապատկվել է 26-ից հասնելով 51-ի:

Յաղդանում ներկայումս բնակվում է 288 մարդ: Չնայած հայերի գերակշռությանը, գյուղում շարունակում են պահպանել դարերով ձգվող ավանդույթը. հունական Զատիկն այստեղ ամեն տարի նշում են ողջ գյուղով անկախ տարիքից, սեռից ու ազգությունից: Ինչ վերաբերում է գյուղի անվան հունական ծագմանն ու տարբեր տարիներին շրջանառված գյուղի անվանափոխման հարցին, ապա այն այսօր էլ Յաղդանում քննարկման ենթակա չէ: Հույների ընտրած Յաղդան անվանումը գյուղում անփոխարինելի են համարում նաև այսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter