Գումար չունենալու պատճառով զորակոչիկները չեն կարողանում Երեւան բուժզննման գնալ
Անի Գեւորգյան
77-ամյա Արաքսյա Ավետիսյանը իր հինգ թոռներին մեծացնում է միայնակ: Արդեն հինգ տարուց ավելի է՝ երեխաների ծնողները լքել են երեխաներին՝ թողնելով ծեր կնոջ խնամքին: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Արաքսյայի խոսքով՝ ապրում են իր թոշակով ու ընտանեկան նպաստով: Այժմ թոռներից երկուսն արդեն չափահաս են, պետք է բանակ զորակոչվեն, սակայն չեն կարողանում նախազորակոչային բուժզննում անցնել: «Մեկ շաբաթ առաջ Երեւան էին մեկնել՝ բուժզննում անցնելու: Իրանց ասեցին՝ պետք է սպասեք, հերթ է, տղաներն ասեցին, որ չեն կարող Երեւանում մնալ, ո՛չ տեղ ունեն, ո՛չ գումար, նրանց էլ ասեցին, թե՝ հետ գնացեք Վանաձոր, հետո կգաք: Բայց հիմա մենք գումար չունենք, որ տղաները նորից Երեւան գնան»,- մեզ պատմեց Արաքսյա Ավետիսյանը:

Նախնական բուժզննությամբ Խաժակն ախտորոշվեց զոբով, ինչից հետո նրան ուղեգիր է տրվել երեւանյան բժշկական կենտրոններից մեկում զննությունը շարունակելու համար:

Ընտանիքը ապրում է Վանաձորի Լենինգրադյան փողոցում գտնվող տնակներից մեկում:

Արաքսյա Ավետիսյանը պատմում է. «Նպաստ 35 հազար ենք ստանում, երկու թոռներս չափահաս են դարձել, դրա համար պակասել է, մինչեւ այդ 55 հազար էինք ստանում»:

Խաժակը պատմում է, որ մի քանի օր առաջ եղբոր հետ գնացել, փայտ է կոտրել ու հազար դրամ աշխատել:

Արաքսյա Սահակյան. «Այդ գումարով ալյուր առա ու խմոր սարքեցի: Ավելի շատ էրեխեքը չեն կարողանում աշխատել: Աշխատանք չկա»:

«Պետրոսը 19 տարեկան է: Երկու տարի առաջ կռվի ժամանակ նրան դանակահարել էին, ինչից հետո նա բանակից տարկետում էր ստացել: Հիմա ժամանակն է, որ նրան զորակոչեն, բայց մինչեւ բուժզննում չանցնի, ո՞նց տանեն բանակ»:

«Մյուս երկու թոռներս սովորում են: Լիլիթը տասնվեց տարեկան է, Սեւակը ութ տարեկան է: Իսկ Սյուզին շուտով կդառնա վեց տարեկան: Նա ամենափոքրն է»:

«Վեց հոգով ապրում ենք, չգիտեմ, թե հետո ինչ կլինի, բայց ուզում եմ, որ երեխեքը կարողանան իրենց կյանքը դասավորել»:

«Խոնավության մեջ ենք ապրում, պարզ է, որ երեխեքի մոտ առողջական խնդիրներ պետք է առաջանային»:

«Մեր էլեկտրիկն է: 2500 դրամ պարտք ենք, բայց համոզեցի, որ մինչեւ վաղը հոսանքը չանջատի»:

«Ընտրություններից առաջ ուզում էի որեւէ մեկին դիմել, բայց մեծ թոռս ասեց՝ ոչ մեկից փող չվերցնես, սրանք շառի բուն են, գործ չունես»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել